Մենք միայն այդ հույսով ենք դուրս եկել, վերադարձի հույսով

  • 13:33 15.06.2024

«Եթե այդ տարածքները տալու էին, իմաստը ո՞րն էր, որ այդքան ջահելներ տարան կոտորեցին»,- պատերազմից հետո անընդհատ իրեն այս հարցն է տալիս արցախցի Նարինե Հակոբյանը։ Ասում է՝ չի համակերպվում մարդկային կորուստների հետ, իսկ Արցախ մի օր վերադառնալու են, համոզված է։

Ծնունդով Հադրութի Տումի գյուղից Նարինեն հարս էր գնացել Մեծ Թաղլար գյուղ։ Իր գյուղի մասին այսպես է արտահայտվում. «Դրախտավայր Տումին, դա Հադրութի սիրտն է՝ թանձր անտառներով, սրբավայրերով շրջապատված։ Ես երբեք չէի էլ կարող մտածել, որ մի օր դուրս կգամ իմ հայրենիքից՝ նույնիսկ առանց մի բուռ հող վերցնելու»։

Վերհիշելով 44-օրյա պատերազմի օրերը՝ Նարինե Հակոբյանն ասում է. « Շատ սարսափելի էր, շատ արագ դուրս եկանք գյուղից, տղամարդիկ բոլորը դիրքերում էին, համարյա տղամարդ չկար գյուղում։ Ամենասարսափելին այդ անօդաչուներն էին, որովհետեւ դրանց դեմը չէինք կարողանում առնել՝ անզոր ժողովուրդը։ Իսկ տղամարդիկ զինված դիրքերում էին։ Մենք ստիպված դուրս եկանք Մեծ Թաղլարից։ Քրոջս ամուսինը պատերազմի մասնակից էր, միշտ ասում էր՝ թուրքը չի կարող ինձ հանել այստեղից, եթե հանի, միայն մահացած վիճակում։ Իր գերեզմանն էլ մնաց այնտեղ։

Մեր ու քրոջս ընտանիքին եղբայրս հանեց գյուղից, մեզ բերեց Հայաստան, որպեսզի ալյուր բարձեր ու տաներ, որովհետեւ արդեն հացի խնդիր կար։ Ոչ մի բան չհասցրեցինք վերցնել, ո՛չ փաստաթղթերը, ո՛չ այլ իրեր։ Ես դա էլ էական չեմ համարում, բայց այսքան տղաների արյունը, որը թափված է այդ հողի վրա, այդ հողն արդեն դարձրել է սուրբ հող։ Եվ այդքան զոհ ունենանք, եւ այդքան տարածքներ կորցնենք, շատ ցավալի էր»։

Նարինեն ասում է, որ երբեւիցե չի պատկերացրել, որ ընդմիշտ են դուրս գալիս գյուղից։ «Ուղղակի հրահանգ կար, որ երեք օրով երեխաներին ու կանանց պետք է դուրս հանեինք գյուղից, որից հետո կվերադառնանք։ Մենք միայն այդ հույսով ենք դուրս եկել, վերադարձի հույսով, որը ցավոք սրտի դարձավ անիրական»։

Պատերազմից հետո Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի հարցերն էին բարձրացվում։ Ասում է, որ այդ ժամանակ սպասում էին, որ իրենց կվերադարձնեն իրենց սիրելի բնակավայրեր։

«Ես մինչեւ հիմա էլ կարծում եմ, որ պիտի վերադառնանք։ Եթե մարդ իրեն ինչ-որ բանի տրամադրում է, հասնում է այդ նպատակին։ Այսօր իմ նպատակը միայն դա է։ Եթե պետք լինի, մենք նույնպես զենք կբռնենք եւ կկանգնենք մեր տղաների կողքին։ Մեր վերադարձը պետք է լինի այն պայմանով, որ մենք կարգավիճակ պետք է ստանանք, այդտեղ ոչ մի ադրբեջանցի չպետք է լինի, քանի ու իրենք երբեւիցե Հադրութում չեն ապրել ու չպիտի ապրեն։ Սա հազարամյա պատմության մեջ առաջին դեպքն է, որ հայը Արցախից դուրս է եկել։ Դա երկար շարունակվել չի կարող։ Հադրութում երբեւիցե թուրք չի ապրել, հիմա էլ չեն ապրի, որովհետեւ իրենք գիտեն, որ իրենք հող չունեն այդտեղ»,- ասաց նա։

Նարինեն Հայաստանում սեփական փոքրիկ բիզնեսն է հիմնել, փախլավա է պատրաստում ու վաճառում։ “Սկզբում շատ դժվար էր այստեղ հարմարվել՝ թե՛ բնության, թե՛ աշխատանքի առումով։ Բայց հետո հավաքեցինք մեզ, ուժերը կենտրոնացրինք, ես զբաղվում եմ հրուշակագործությամբ։ Պատրաստում եմ Հադրութի հայկական փախլավան, որը մեր հնագույն մշակութային արժեքն է։ Դեռ տատս էր ասում՝ փախլավան մեծ պահքից հետո էին հանում ուտում, քանի որ օրգանիզմը շատ հյուծված էր։ Ունեմ տեսականի, բացել եմ ԱՁ եւ տանից աշխատում եմ։ Ճիշտ է, քիչ քանակությամբ եմ արտադրում, բայց իրացում կա, կարողանում ենք օրվա հացը վաստակել։ Ես կարծում եմ, որ կյանքը շարունակվում է, ես շարունակում եմ պատրաստել իմ Հադրութի անմահական խմորեղենը, քանի որ խոստացել եմ, որ մի օր հենց Հադրութում պիտի մեծ հյուրասիրություն կազմակերպեմ եւ ծանոթ-անծանոթներին, ովքեր ամեն քայլափոխի աջակցել ու կարեկցել են մեզ, սրտացավ են եղել, հրավիրեմ»,- ասում է նա։

Նարինեի ընտանիքը 44-օրյա պատերազմի ու Հադրութի օկուպացիայից հետո տեղակայվել է Արարատի մարզի Սիս գյուղում։ Ամուսինը՝ Արմեն Ոսկանյանը, մեղվաբուծությամբ է զբաղվում։ Նույն գործունեությունը ծավալել է նաեւ Մեծ Թաղլարում։  Հիշելով իրենց գյուղը՝ Արմեն Ոսկանյանն ասում է. «Հադրութի շրջանի ամենամեծ գյուղն էր՝ բերքը առատ, լի զբոսաշրջիկներով։ Մենք երբեք չէինք պատկերացնում, որ Արցախից վերջնական ենք դուրս եկել։ Եթե պատկերացնենք, հենց նույն օրը կավարտվի մեր կյանքը»։

Ու թեեւ Արարատի մարզում նույն բնությունն ու պայմանները չկան, ինչ Հադրութում է, բայց փորձում են հարմարվել ու զարգացնել իրենց բիզնեսը։

«ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման. EU4IMPACT Armenia»  ծրագրի շրջանակներում Արմեն Ոսկանյանը վեցամսյա դասընթացների է մասնակցել, ստացել է 3,5 մլն դրամ աջակցություն՝ բիզնեսը զարգացնելու համար։ Ծրագիրն իրականացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից։

Ռոզա Հովհաննիսյան

f