ԱՄՆ դավաճանում է ոչ միայն հայերին, այլեւ ինքն իրեն՝ նախագահ Վիլսոնին եւ նրա հիմնադրած աշխարհակարգը

  • 09:23 16.06.2024

Նախորդ շաբաթ Հայաստան ժամանած ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը բաց տեքստով հայտարարել է, որ «նոր աշխարհակարգը» Հարավային Կովկասի տարածաշրջանում ուղիղ կապված կլինի Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային երթուղի կառուցելու եւ ռուսական ազդեցությունը կրճատելու հետ։

ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը, փաստորեն, դավաճանում է ինքն իրեն, քանի որ մեկ դար առաջ ԱՄՆ դեմոկրատ նախագահ Վիլսոնի առաջարկած «14 կետերն են» դարձել ժամանակակից աշխարհակարգի հիմքը։ Այդ կետերի մեջ էին նաեւ Ռուսիայի եւ օսմանյան կայսրությունների գաղութների ազատագրումը, ինչպես նաեւ «ազգերի ինքնորոշում» եւ «պետական ինքնիշխանություն» սկզբունքները։ Հենց նախագահ Վիլսոնն էր ներկայացրել Վճիռ, համաձայն որի Հայաստանին կարեւոր դեր էր հատկացվում տարածաշրջանում՝ ոչ մանր առեւտրային, այլ քաղաքակրթական։

Ռուսաստանն ու Թուրքիան օկուպացրեցին եւ սեպարատ պայմանագիր կնքեցին Հայաստանը բաժանելու մասին։ Պատմաբաններն ասում են, որ դա տեղի է ունեցել, քանի որ ԱՄՆ-ն այն ժամանակ դեռ գերտերություն չէր։

Հիմա, կարծես, գերտերություն է, բայց նպատակները ավելի են մանրացել՝ ինչ-որ ճանապարհի բացման համար նրանք պատրաստ են զոհաբերել քաղաքակրթություն։

Դա հնարավոր է, քանի որ Հայաստանի կառավարությունը կոչ է անում հայերին մոռանալ պատմական Հայաստանի մասին /քիչ հետո «պատմական» բառն էլ կհանվի/։

ԱՄՆ-ը 2023 թ․ սեպտեմբերի 17-ին մասնակցել է Պոլսում ՌԴ, Թուրքիայի եւ ԵՄ ներկայացուցիչների հետ գաղտնի ժողովին, որը եւ հաստատեց Արցախի օկուպացիան եւ բնիկ հայերի բռնի տեղահանումը։ Պայմանավորվել են, որ արմատները կհանեն Ռուսաստանի ձերքերով, եւ արեցին։ Ոչ մի երկիր, այդ թվում ԱՄՆ, չի դատապարտել «ուժային կարգավորումը», որը խոստովանել է Ալիեւը։

Արդյոք Ալիևի դեմ պատժամիջոցները մնո՞ւմ են սեղանին, Ջեյմս Օ’Բրայենն ասաց. «Մենք նշել ենք, որ անկախ քննություն ենք անցկացնելու սեպտեմբերին տեղի ունեցածի, նաև դրանից հետո շարունակվող հարաբերությունների շուրջ, և հիմա զբաղված ենք դրանով։ Պատասխանատու միջազգային կազմակերպությունները մուտք ունեն այդ վայրեր և կարող են մեզ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել»:

Մինչ այդ՝ անկախ քննության ավարտը, ըստ Օ՛Բրայանի, Վաշինգտոնում չունեն հստակ գնահատական՝ Ղարաբաղում տեղի ունեցածը գա՞ղթ էր, թե՞ էթնիկ զտում: Հարցին՝ համաձա՞յն է Վաշինգտոնը Ալիևի գնահատականին, որ ղարաբաղյան հակամարտությունն այլևս լուծված է, և անհրաժեշտ է հիմա լուծարել Մինսկի խումբը, փոխպետքարտուղարը արձագանքեց՝ դա մի հարց է, որի պատասխանը կողմերը պիտի տան։

Արմատները հանած են, հիմա եկել է մնացած Հայաստանի հերթը։ Ահա թե ինչ է ասել փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը Երեւանում՝ «Ազատության» հետ զրույցում․

«Սահմանազատման վերաբերյալ այս վերջին պայմանավորվածությունը որոշակի առևտուր էր. Հայաստանը գիտեր, որ պետք է հրաժարվի դրանցից, Ադրբեջանն էլ համաձայնեց սահմանազատման մի գծի, որը նրանք գիտեին, որ Հայաստանը կընդունի` Ալմա-Աթայի հռչակագիրը: Ուստի, յուրաքանչյուր կողմ գնաց փոխզիջման: Կարծում եմ, որ այս՝ նոր պահանջներ դնելու, ապա հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը ինչ-որ պահի պետք է դադարեցվի։ Ըստ իս՝ հաջող համաձայնագրի մոտավոր ուրվագիծն արդեն գիտենք: Եվ, հիմա, իսկապես, խնդիրն այն է, որ կողմերը ընդունեն՝ ժամանակն է համաձայնության գալ»։

«Մեր կարծիքով՝ սերնդի կամ գուցե մի քանի սերնդի ընթացքում մեկ անգամ լինող հնարավորություն կա Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային երթուղի կառուցելու համար: Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ դա կբացի ոչ միայն հիմնական առևտուրը, այլև նոր արդյունաբերությունները այդ երթուղու ողջ երկայնքով»։

«Ես նաև կարծում եմ, որ այժմ հիանալի պահ է, քանի որ այդ երթուղու երկայնքով ընկած երկրները ցանկանում են կրճատել ռուսական ազդեցությունը: Եվ ժողովրդավարական հանձնառությունը, որը մենք տեսնում ենք Հայաստանում, բարեփոխումները, որոնց հայ ժողովուրդը կրկին ու կրկին աջակցել է 2018 թվականից ի վեր, նշանակում են, որ Հայաստանը գտնվում է մի փուլում, երբ կարող է նման որոշում կայացնել»: