Այն, ինչ մենք բոլորս համարել ենք եւ համարում ենք պարտություն, այդ ամենը մենք հաղթանակի վերածելու հնարավորություն ունենք: Այս մասին Կապանում ՔՊ նախաձեռնող նիստին իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա մենք բոլորս անցնելով պարտության միջով հնարավորություն ենք ստեղծել, որ երկիր մոլորակի վրա, շատ երկար ժամանակ` առաջիկա հարյուրամյակներում գոյություն ունենա Հայայստանի Հանրապետություն: Եւ մենք դեռ չենք հասկանում, թե սա ինչպիսի մեծ եւ ինչպիսի դարակազմիկ հաղթանակի հնարավորություն է մեզ համար, բայց մենք որպես կառավարող թիմ պետք է կարողանանք դա իրականացնել»,-ասաց նա:
Փաշինյանը նշում է, որ այս պետության լինելիությունը իրենց քաղաքական կամքն է, իրենց քաղաքական խելամտությունն ու խելացիությունը, իրադրությունը հասկանալու եւ դրանից բխող որոշումներ կայացնելու ունակությունը:
«Էս գաղափարախոսությամբ մենք 2026 թվականին պետք է գնանք մեր ժողովրդի մոտ եւ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններով մենք պետք է եւս մեկ անգամ ստանանք ժողովրդի քվեն ոչ թե նրա համար, որ մենք կառչած ենք մեր աթոռներից, այլ նրա համար, որ կառչած ենք այս Հայաստանի Հանրապետությունից»,- ասել է նա:
«Մենք անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը համարում ենք բարձրագույն գործիք մեր երկրի, քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, արդարությունը և երջանկությունն ապահովելու համար»,- ասել է նա։
«Ես համոզված եմ, որ հանրության մեջ այդ գաղափարախոսությունը դանդաղ, բայց հաստատուն կերպով արմատավորվում է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալի մասին է, որ մենք՝ բոլորս, ՀՀ ժողովուրդը, ՀՀ քաղաքացիները, ՀՀ պետական ինստիտուտները պետք է կենտրոնանան ահա այս Հայաստանի կարիքների վրա»,-ասել է նա:
«Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունները 2 բանի մասին կարող են խոսել՝ իրոք կա հրադադարի ռեժիմի խախտում կամ փորձում են էսկալացիա կամ էսկալացիայի ֆոն ստեղծել: Բոլոր դեպքերում մեր քաղաքական կամքը չէ եւ ես արդեն ասացի, որ մեր ՊՆ-ն հերքում է իրադրությունը: Եւ ես կարծում եմ, որ մենք ամեն անգամ կարողանանք պարզել իրադրությունը, վատ գաղափար չի լինի, որ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձեւավորենք»,- ասել է նա:
Փաշինյանը նշել է, որ կողմերից կարող են ներգրավված լինել զինվորական դատախազները կամ այլ պաշտոնյաներ եւ իր կարծիքով սա աշխատող մեխանիզմ կարող է լինել: