Արցախցի Իննան․ իմ երեխաների երազանքները միայն մայր Հայաստանում կարող են իրականալ

  • 14:08 16.06.2024

Վերաարժևորելով կյանքը՝ արցախցի Իննան չի կորցնում հույսը, որից կառչելով շարունակում է առաջ գնալ

Մարտակերտի շրջանի Զարդախաչ գյուղից է Իննան հարս եկել Ասկերան։ Հասարակության սերն ու հարգանքը գրավել է միանգամից։

-Զարդախաչում մանկությունս, պատանեկությունս է անցել, իսկ Ասկերանում ընտանիք եմ կազմել, երեխաներ ունեցել, երջանկացել։ Թվում էր՝ ամեն ինչ լավ էր․ լիարժեք ապրելու համար ունեինք ամեն ինչ, երջանիկ էինք․․․

Ցավոք, 2023-ի սեպտեմբերին մենք զրկվեցինք այդ երջանկությունից։ Երբեք չեմ մտածել Արցախից դուրս ապրելու մասին, անգամ 9 ամիս շարունակվող բլոկադան չէր հուսահատեցնում, մտածում էինք, որ շուտով կբացվի կյանքի ճանապարհը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմը, բենզինի պահեստի պայթյունը, իրար հաջորդող դժոխային դեպքերը ստիպեցին մեզ` անկոտրում արցախցիներիս, փախչել թշնամու ճիրաններից։ Բառերով չեմ կարող նկարագրել, ուղղակի սարսափելի էր, ոչ մի բանի մասին չէինք կարող մտածել, միայն ցանկանում էինք անվնաս հեռանալ։

Սեպտեմբերի 25-ին ընտանիքով դուրս եկանք Արցախից, երկու օր հետո հասանք Գորիս։ Փրկվեցինք․ այդպես էի մտածում։ Սակայն փրկվեցինք ֆիզիկապես, մեր հոգին ու երազանքները մնացին Արցախում։

Երևանում հաստատվելուց հետո առաջին հերթին մտածում էի աշխատանք գտնել։ Սկսեցի դիմել տարբեր կառույցների, հիմնարկների, հետևում էի սոցցանցերում տեղադրված հայտարարություններին, սակայն ապարդյուն։ Պետական բոլոր հիմնարկներում ՀՀ քաղաքացիություն էր պահանջվում։ Որոշ ժամանակ անց Երևանի Սուրբ Աննա եկեղեցու քահանա Տեր-Զենոնի միջամտությամբ ինձ առաջարկեցին աշխատել “Շողակաթ” սրահի գրախանութում՝ որպես վաճառողուհի։ Ընդունեցի առաջարկը և չեմ փոշմանում։

Այստեղ ես ձեռք բերեցի հրաշալի տնօրեն-ընկերուհու։ Վերոնիկան կյանքիս ամենադժվար ժամանակահատավածում ինձ համար և՛ լավ խորհրդատու է, և՛ սրտացավ մարդ։ Ամուսինս նույնպես աշխատում է։ Պարապ նստելով՝ չենք կարողանա մեր երեխաներին ոտքի կանգնեցնել։ Ամուսնուս ծնողները թոշակառու են և միշտ մեր թև ու թիկունքը։

Իհարկե, կան դժվարություններ, սակայն մենք միասին հաղթահարում ենք դրանք։ Հայաստանից հեռանալու մասին չենք մտածում, մեր տեղն այստեղ է, և խորհուրդ եմ տալիս արցախցիներին չվհատվել, հնարավորինս հաղթահարել դժվարություններն ու երբեք չկորցնել Արցախը նորից հայկական տեսնելու հավատը, – ասում է Իննան ու հավելում, – իմ երեխաների երազանքները միայն մայր Հայաստանում կարող են իրականություն դառնալ։

 

Արցախում Իննան աշխատում էր Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ՄԵ հարցերի բաժնում, որպես առաջատար մասնագետ։ Այսօր նա հոգևոր գրքեր, հուշանվերներ է վաճառում, միաժամանակ արցախյան խմորեղեն է պատրաստում ու վաճառքի հանում։ Երևանում նա կատարելագործվել է մատնահարդարման գործում և ունի իր հավատարիմ հաճախորդները։ Իսկ վերջերս մասնակցել է նաև անգլերենի և հաշվապահական հաշվառման դասընթացների։ Արցախում թողնելով պարզապես ամեն ինչ և վերաարժևորելով կյանքը՝ Իննա Մուսայելյանը չի կորցնում հույսը, որից կառչելով շարունակում է առաջ գնալ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f