Մոխրաթաղ. Արցախը իշխաններ ուներ, ովքեր երկիրը իրավատիրոջ իրավունքով էին կառավարում

  • 09:32 17.06.2024

Երկիրը պետք է քաջ, խոհեմ ու ինքնագլուխ իշխան ունենա

Կար ժամանակ, որ Արցախը իշխանություն ու իշխաններ ուներ, ովքեր գիտեին երկրի հարգն, իրավատեր էին ու ամեն ինչ անում էին երկրի ազատության ու բարօրության համար։ Կար ժամանակ, որ այդ իշխանների հետ հաշվի էր նստում թշնամին։ Նրանց հզորության առհավատչյան այսօր դեռևս կանգուն ու կիսավեր մնացած բերդերն ու ապարանքներն են, որոնցից մեկն էլ պահպանվել է Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի մոտ։

Ջրաբերդի մելիքական տան հիմնադիր Մելիք Իսրայելն ապրել է 17-րդ դարի երկրորդ կեսին, նրա անունով էլ տոհմը կոչվել է Մելիք Իսրայելյան։ Ջրաբերդի մելիքներն իրենց անուրանալի ավանդն են ունեցել Արցախի ազգային – ազատագրական պայքարում։ Նրանց մասին Րաֆֆին գրում է «Մնացած մելիքների մեջ Իբրահիմ-խանն ավելի երկյուղ ուներ Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Մելիք-Մեջլումից։ Այդ երիտասարդն իր հոր՝ Մելիք-Հաթամի նման ամենակատաղի թշնամի էր Շուշի բերդի մահմեդական բռնակալներին»։

Մելիք Հաթամը այն նույն Մելիք Ադամն էր, ով 1771 թվականին կառուցել է Մոխրաթաղի ամրոց–ապարանքը, որը դարձել էր Ջրաբերդի մելիքության կենտրոնավայրերից մեկը: Այդ մասին է վկայում ապարանքի գլխատան արձանագրությունը, որի մասին հիշատակել է Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, նշելով որ այն գտնվում էր արևելյան կողմի չորրորդ՝ քառակուսի երդիկավոր սենյակի վրա․ «Ողորմութեամբն ամենազօրին Աստուծոյ բազում ժամանակ է յոյժ տաքնապի շինեալ զտունս, իսկ բարերարին Աստուծոյ տուավ ինձ կարողութիվն և զՕրութիւն Սուրբ Հոգոյն հանգուցեալ Մէլիք Իսրայէլի որդի ես Մէլիք Յադամս շինեցի զգեղեցիկ կամարօք և գեղեցկանկար տունս և սարայիս բազմահանճար զորդեակն իմ Մէջլումին․․․․ծ Աստուծոյ աստուածայնով բարեավ վայելեսցէ հանդերձ մեօք ՌՄԻ․․․»։

Ժամանակակցի վկայությամբ, Արցախի մելիքներից «… էր առաջինն, այր խոհեմ, քաջ ի պատերազմի և ինքնագլուխ իշխան» ։ Մելիք-Իսրայելի որդի Մելիք-Ադամը Արցախի միասնականության, ինքնիշխանության և ազատագրության պայքարի առաջամարտիկն էր 18-րդ դարի երկրորդ կեսին, ով իր ապարանքը կառուցել է Արցախի համար հույժ տագնապի ժամանակներում։

Թե՛ Մակար Բարխուդարյանցը և թե՛ Հայկունին, նշում են, որ ապարանքն ունեցել է  12 տարբեր չափերի սենյակներ, այդ թվում՝ ընտանեկան, ննջարան, ընդունարան, դատարան, թոնրատուն, խոհանոց, սպասավորանոց, գոմանոց։ Բոլոր սենյակների լուսամուտները բացված են բերդի ներքին պատերից։ Նկարագրելով ամրոցի արտաքին տեսքը Մ․ Բարխուդարյանցը նշում է․ «Շինութիւնն  ունի արտաքուստ բերդի ձև-քարուկիր բարձր պարիսպ և մի դարբաս  արևելեան կողմից։ Արտաքուստ չափելով ունի 49 մ․ երկարություն, 29,25 մ․ լայնություն»։  Լեոն անդրադառնալով ապարանքին գրում է. «Առանձնապես խնամքով շինված է մելիքի ընդունարանը, որ ունի և սյունազարդ գավիթ»։

Ապարանքի դերը մեծացել է հատկապես 1805 թվականի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ, երբ ապարանքի տիրակալն էր Մելիք Վանին։ Նա բազմիցս փրկել է ծանր կացության մեջ հայտնված ռուսական զորախմբերին, նաև իր հաշվին՝ Կուսապատում գտնվող Աթաբեկյանների ալրաղացներից ապահովել նրանց հացով։ Նույն Մելիք Վանին էր, որ պարսկական զորքերով շրջապատված Շահբուլաղի բերդից Կարյագինի ջոկատը գիշերով դուրս բերեց ու հասցրեց իր ապարանք։

Մինչև 19-րդ դարի կեսերը այստեղ ապրում էին մելիքական տոհմի ժառանգները։ 19-րդ դարի վերջին և 20-ի սկզբին ապարանքն արդեն անբնակ էր։ Իսկ վերջին տարիներին խիստ ավերված վիճակում, փլվել էր նաև մինչև 2016 թվականը պահպանված գլխատան բրգաձև թաղը։

Եվ այո՛, կար ժամանակ, որ Արցախն ուներ այր խոհեմ, քաջ ի պատերազմի և ինքնագլուխ իշխան/ներ, ովքեր ապահովում էին երկրամասում հայերի հարատևությունը։

Արմինե Հայրապետյան

f