ՔՊ-ն չի մասնակցի նիստին, ընդդիմադիրներն էլ վայր չեն դնի մանդատները

  • 16:41 17.06.2024

Դատելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարություններից՝ արդեն իսկ կարելի է ասել, որ այսօր՝ 18։30-ին նախատեսված ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը տեղի չի ունենա։

Ընդդիմադիրները նիստ են հրավիրել «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու» ուղերձի նախագիծը քննարկելու համար։ Որպեսզի այդ քննարկումը տեղի ունենա, առնվազն 54 պատգամավոր պետք է ներկայանա՝ քվորում ապահովվի։ Իսկ սա նշանակում է, որ առանց իշխող ՔՊ-ի պատգամավորների նիստը կայանալ չի կարող։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հունիսի 17-ին օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին։  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտահերթ նիստին չի մասնակցելու, որովհետև ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության պետական շահերից բխող օրակարգերին։ Իսկ արտահերթ նիստն առանց մեր մասնակցության չի կարող կայանալ։ Այն օրենքի ուժով կգումարվի, բայց քվորման բացակայության պատճառով չի կայանա»,- ասել է Հովհաննիսյանը։

Իր հերթին հայտնի է դարձել, որ ընդդիմադիր պատգամավորները մանդատները վայր չեն դնելու։ Նման քննարկումներ շատ են եղել, հավատացե՛ք մարդիկ կառչած չեն մանդատներից․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին՝ չե՞ք գտնում, որ ընդդիմությունը խորհրդարանում հարց չի կարող լուծել, իմպիչմենտի գործընթաց չի հաջողվում սկսել, ժամանակը չէ՞ մանդատները վայր դնեն, գուցե քաղաքական ճգնաժամ առաջանա։

«Վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ կլինի։ Մանդատները խորքում որևէ նշանակություն չունեն։ Իրենք էլ են ասել, որ մանդատներ վայր դնելու հարցը օրակարգում միշտ էլ կա, կախում ունի թե դրա արդյունավետությունը ո՞րն է լինելու, ի՞նչ ժամանակ, ինչպե՞ս։ Անիմաստ կերպով մանդատ վայր դնելն ինչի՞ է ծառայելու, բայց օրակարգում կա դա, իրենք էլ են հասկանում, թե ինչ վիճակում են գտնվում»,- ասաց Սրբազանը։

f