ԱԺ արտահերթ նիստը, ինչպես եւ սպասվում էր, չկայացավ, քանի որ ՔՊ խմբակցությունը չմասնակցեց, եւ քվորում չապահովվեց։ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր, որ ներկայանար 54 պատգամավոր, բայց գրանցվել էր 34 պատգամավոր։
«Ինչո՞ւ պետք է գայինք ու ուղերձ ընդունեինք, մեր ժողովուրդը ՀՀ գործող վարչապետին եւ գործող կառավարությանը վստահում է, եւ նման հարց քննարկելու որեւիցե պատճառ մենք չենք ունեցել եւ չունենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ինչպես նաեւ 2026 թվականի համապետական ընտրությունների ժամանակ կգան իրենց քվեարկությունը կանեն։ Մենք վախենալու ոչ մի բան չունենք, ուղղակի ինչո՞ւ պիտի ժամավաճառությամբ զբաղվենք եւ սպասարկենք ընդդիմության կեղծ օրակարգը, որով ինքը փորձում է արդարացնել իր այստեղ գտնվելը»,- լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։