Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ կդիմեն Սահմանադրական դատարան

  • 20:16 17.06.2024

Խորհրդարանական ընդդիմությունը կշարունակի տարբեր նախաձեռնություններով հանդես գալ, Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՔՊ կողմից ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելուն։

«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները արտահերթ նիստ էին հրավիրվել՝ քննարկելու «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ուղերձի նախագիծը, բայց ՔՊ-ն չմասնակցեց նիստին, քվորում չապահովվեց։

Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ ընդհուպ կդիմեն Սահմանադրական դատարան, հիմա քննարկումներ են իրականացնում։ «Մենք ունենք տարբեր սցենարներ, եւ բոլոր այդ սցենարներում մեր գլխավոր խնդիրը մեր ժողովրդի հստակ մեծամասնության աջակցությամբ նոր իշխանություն ձեւավորելն է»,- ասաց Մինասյանը։

«Արձանագրենք, որ ՔՊ-ն, ինչպես կանխատեսում էինք, շարունակում է իր հակասահմանադրական ընթացքը։ Սա ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգը տապալելու փորձ։ Եթե նիկոլական իշխանությունը շարունակում է այս վարքագիծը, այսինքն՝ սահմանադրական կարգի տապալումը, ուրեմն մեզ մնում է վերականգնել սահմանադրական կարգը։ Սահմանադրական կարգի վերականգնման բոլոր սցենարները, որոնք կբերեն ՀՀ ժողովրդի իշխանության վերականգնմանը, ընդունելի են»,- ասաց Արծվիկ Մինասյանը։