Հայաստանն ու ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերությունը «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։ Լուրը X-ի իր էջում Ֆրանսիայի պաշտպանության նախարարն է այսօր հայտնել՝ նոր ռազմական տեխնիկայի ձեռքբերման պայմանագրի կնքումը կարևոր իրադարձություն որակելով։
«Սեզար»-ը 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբից է, որի հեռահարությունն առավել արդիական արկերի կիրառման դեպքում կարող է գերազանցել 55 կիլոմետրը: Այն ակտիվորեն կիրառվում է Ուկրաինայում ընթացող պատերազմում: Անցած դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատը կառավարությանը հորդորել էր հնարավորինս արագացնել Հայաստանին «Սեզար»-ների տրամադրման հարցը:
«Ֆրանսիան շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ, ջերմ և արդյունավետ երկխոսություն ունեցա Սուրեն Պապիկյանի հետ։ Նոր, կարևոր հանգրվան՝ կնքվել է CAESAR-ի ձեռքբերման պայմանագիրը», – նշել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։
Հայկական կողմը տեղեկացրել էր, որ ռազմական գերատեսչության ղեկավար Պապիկյանի՝ Ֆրանսիա այցի ընթացքում երեկ Հայաստանի պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր, բայց թե կոնկրետ ի՞նչ զինամթերքի ձեռքբերման, մանրամասներ չէին հաղորդել։ Ֆրանսիական ընկերության կայքում պաշտոնապես հրապարակված է, որ նրանք նաև «Սեզար»-ների արտադրությամբ են զբաղվում։
Իսկ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն X-ի իր էջում հենց «Սեզար»-ի մակետը ձեռքին իր ու Սուրեն Պապիկյանի նկարն է հրապարակել։
Թե քանի՞ «Սեզար»-ի գնման պայմանագիր է երեկ Փարիզում ստորագրվել, չի հստակեցվում, նաև մատակարարման կոնկրետ ժամկետներ չեն նշվել։
«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը թե՛ ռազմական և՛ թե քաղաքական կարևորության հարց է համարում «Սեզար»-ների ձեռքբերումը:
«Աշխարհի գրեթե թոփ 3, եթե ոչ ամենալավ հաուբիցն է, ամենաէֆեկտիվներից մեկը Ուկրաինայի պատերազմում: Եթե համեմատենք, օրինակ, սովետական պլատֆորմների հետ, որ մենք օգտագործում ենք, 152 միլիմետրանոց, կրակի հեռավորությունը գրեթե 2 անգամ ավելի մեծ է, ամենանոր ռուսական հաուբիցը, որ օրինակ՝ Ադրբեջանն ունի, 27 կմ է հեռավորությունը կրակի: Քաղաքական էլ շատ կարևոր է ինչը, որ եթե Ֆրանսիան համաձայն է «Սեզարը» Հայաստանին վաճառել, նշանակում էր, որ Հայաստանն ինչ տեսակի զենք ուզենա կարա առնի Ֆրանսիայից՝ պաշտպանական, հարձակողական, էդ թեման էլ էդքան էլ կարևոր չի», – ասաց Ներսիսյանը:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: