Օբլբալնիցան

  • 16:35 18.06.2024

Ովքեր ապրել են Ստեփանակերտում, գոնե մեկ անգամ մտել են Օբլբալնիցան: Ինձ ժամանակ էր պետք, որ իմ արմյանսկի աբրազովանյով կարողանայի հասկանալ ՕբԸլբալնիցա բառի իմաստը (Օբուվնուն մասին` հետո):

Ես լավ հիշողություններ ունեմ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցից: Վատն էլ ունեմ, ինչ խոսք: Շատ աննշան, որի վրա չարժե էլ ուշադրություն դարձնել անգամ: Վեչ բալնիցա ինգյիս, վեչ միլիցյա՝ սկացած կընիք (ո՛չ հիվանդանոց, ո՛չ ոստիկանություն):

Ես լավ հիշում եմ Ստեփանակերտի նախկին հիվանդանոցի շենքը, դեռ այն ժամանակ, երբ մայրս թեւս բռնած տանում էր Չիչյանի մոտ` իմ լսողության պրոբլեմի համար, որ մինչեւ այսօր ունեմ:

Տարականներ, դեղերի հոտ, որից ես մենակ յոդը գիտեմ, վաֆլի առաստաղներ, շքեղ աստիճաններ ի դեպ, լայն, ինչպես Պետերբուրգում եւ իհարկե, պաստառ կանաչ քարի վրա. «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ գործել է ռազմական հոսպիտալ»:

Ասում են, չէ՞, եկեղեցու պատերն այնքան աղոթք չեն լսել, որքան հիվանդանոցինը:

Վստահ եմ, որ շատերն ունեն հիշողություններ Օբլբալնիցայի մասին: Ավելորդ է անգամ հիշեցնել դա: Ուղղակի իմ արխիվներով անցնելով, որոշեցի կիսվել այս լուսանկարով: Հույս ունեմ Step1-ի ընթերցողները ինձ շատ խիստ չեն դատի, հույս ունեմ ծանր հիշողություններ չեմ արթնացնի…

Մարութ Վանյան

f