Աղազարյանի ռենտգենը. ո՞ւմ ենք մի կտոր հաց տվել, որ չի ասում՝ հայեր չեն

  • 17:00 18.06.2024

Որքանով դիտել եմ կադրերը, ես ինքս չեմ կարող այդպիսի եզրակացության գալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանները ծեծի են ենթարկել ցուցարարներին:

«Դա շատ խիստ իրավական, մասնագիտական գնահատական է: Ոստիկանությունն ի պատիվ իրեն, շատ պրոֆեսիոնալ ձեւով կատարեց իր պարտականությունը եւ թույլ չտվեց արյունահեղություն: Իսկ այդ արյունահեղությունը սարսափելի հետեւանքներ կարող էր ունենալ պետականության համար, հայրենիքի համար եւ այլն»,-ասաց նա:

Ես միշտ ասել եմ, որ այս շարժման դրական կողմերից մեկն այն է, որ փաստորեն, ապացուցվեց, որ ՀՀ քաղաքացին ո՛չ բովանդակային, ո՛չ իրավական իմաստով չի սատարել այս շարժմանը: Բովանդակային իմաստով հավաքվածների մեծ մասը ՀՀ քաղաքացի չէ: Ոչ միայն արցախցիներ, այլեւ Ռուսաստանից եկածներ: Իրենց նույնիսկ իրենց հարազատները չեն սատարում»,- ասել է նա։

Փաստորեն, Աղազարյանը կադրերից չի ջոկում, ոստիկա՞նն է ծեծել ցուցարարին, թե՞ ցուցարարը ոստիկանին։ Բայց ներքին “ռենտգենով” նա ջոկում է, ով է ՀՀ քաղաքացի, քանիսն էին Արցախից եկած, հավաքվածների ո՞ր մասն էր Ռուսաստանից ժամանել եւ քանի հոգուն չեն սատարում հարազատ եղբայրները։

Ո՞ւմ ենք մի կտոր հաց տվել, որ Աղազարյանը օդում գենետիկ անալիզ էլ չի արել ու ասել, որ հավաքների մասնակիցների մեծ մասը հայեր չէին։