Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում 2022 թվականի սեպտեմբերյան հարձակումից հետո զբոսաշրջային հոսքը նվազել է ու դեռ չի վերականգնվել։ Թեպետ այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջային այցերի առումով մի փոքր դրական միտում կա, բայց Ջերմուկի բնակիչները նշում են, որ քաղաքից արտագաղթ կա։ 2022 թվականից հետո շատ ընտանիքներ են իրենց բնակարանները վաճառում ու հեռանում։
«Մեր սիրտը կանգնում է, որ քաղաքը դատարկվում է, շատերը տները վաճառել գնացել են, քաղաքում ջահել չի մնացել։ Տուրիստներն էլ հաճախ խուսափում են գալ, ինտերնետով նայում են, որ թուրքերը սարի վրա են, չեն գալիս»,- մեզ հետ զրույցում ասում է Ջերմուկի բնակչուհիներից մեկը։ Նրա խոսքով․ «Մեր երկիրը ոտքի կկանգնի, երբ թուրքերը մեր սարերից հեռանան, Նիկոլն էլ՝ վարչապետի պաշտոնից»։
Ջերմուկի բնակչուհի թոշակառու Ամալյան ասում է․ «Սա ապրել չէ, որ մենք ենք ապրում։ Այս ժողովուրդը տները վարձով տալով էր հաց վաստակում, փող աշխատում։ Բայց էն չէ, արդեն մարդ գոյություն չունի, շատերն են տները ծախել-գնացել, մենք ենք մի երկու տուն, որ մնացել ենք։ Այս սեզոնին առողջարաններում տեղ ու դադար չկար, 15-20 օր առաջ պատվիրում էին, որ գային տեղավորվեին։ Հիմա չեն գալիս, ասում են՝ մարդիկ վախենում են»։
Տիկին Ամալյայի խոսքով՝ մարդիկ անորոշության մեջ են․ «Մի հատ դմփոց է լսվում, վախենում ենք, սարերի վրա նստած են թուրքերը։ Առաջ գնում էինք բանջարի, բայց ժողովուրդն էլ բանջարի էլ չեն կարողանում գնալ»։ Հիշելով սեպտեմբերյան հարձակման օրերը՝ նա ասաց․ «Մենք գիշերը վեր թռանք, ես իմացա, թե կայծակ է, բայց հետո հասկացանք, թե ինչ է կատարվում, խառնվեցինք իրար, մարդկանց ասացին՝ շուտ դուրս եկեք քաղաքից։ Մենք դուրս չենք եկել, իջանք ապաստարան, կողքի հարեւաններին ու մի քանի զբոսաշրջիկների բերեցինք մեր ապաստարան։ Այդ հոգեկան տրավման չենք մոռանում, հիմա էլ ամեն օր վախով ենք ապրում»։
Ջերմուկի բնակչուհի Վիկտորյան ասում է․ «Մեր սիրուն քաղաքը հայտնվել է թուրքերի վերահսկողության տակ»։ Այնուհետեւ հավելում է, որ նախորդ տարվա համեմատ քաղաք այցելող զբսաշրջիկների թիվն այս տարի մի փոքր ավելացել է։ «Անցած տարի շատ քիչ էին զբոսաշրջիկները, այս տարի ահագին շարժ կա, բայց արտագաղթողների թիվը մեծ է։ Երիտասարդներից, ով գնաց, էլ հետ չեկավ։ Բայց մեծահասակները մնում են, եթե բոլորս գնանք, ուրեմն այս հողը տալիս ենք թշնամուն։ Մեզ ուժեղ ղեկավար է պետք, որ չզիջի, ինչքա՞ն կարելի զիջել, ափսոս են մեր երկիրը, մեր երեխեքը»,- ասաց նա։
«Մեր նպատակը մեր երկրի կայունությունն է, դա բոլորիս ցանկությունն է։ Կոնկրետ ես որդեկորույս մայր եմ, 44-օրյա պատերազմում կորցրել եմ որդուս, եւ այսպես անորոշ ապրում ենք։ Զիջելով հնարավոր չէ երկիր պահել»,- մեզ հետ զրույցում ասում է Ջերմուկի բնակչուհի Սոֆիան։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: