ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն այսօր լրագրղների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ այսպես կոչված սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի։ «Կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե՝ 100 քառակուսի մենք զիջենք, 100 քառակուսի էլ՝ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»,- Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ ասել էր Փաշինյանը։
«Ես երկար էի հետեւում՝ արդյոք Փաշինյանին կաջողվի՞ ՀՀ ամբողջ պետական սահմանի երկայնքով այնպիսի կռուտիտներ հորինել, ինչպիսիք հորինեց Կիրանցի դեպքում: Կտոր-կտոր նայում էի ու ենթադրում էի, թե Գեղարքունիքի հատվածում ինչ է ասելու, որ պետական սահման չի փոխվում, Սյունիքում ինչ է ասելու, Արարատում, Վայոց ձորում ինչ է ասելու: Փաստորեն չի գտել, անձամբ ստի արքա, մանիպուլյացիաների մեծն մասնագետ Նիկոլ Փաշինյանը չի գտել տարբերակ, որպեսզի սա ներկայացնի, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը չի փոխվում: Եվ ըստ ամենայնի նա ստիպված է գնալ հանրաքվեի: Ես հույս ունեմ՝ մենք ամեն ինչ կանենք նրա համար, որ այդ հանրաքվեին ինքը մասնակցի, ես չգիտեմ՝ կալանավայրերից մասնակցո՞ւմ են հանրաքվեին, ամեն ինչ կանենք, որպեսզի այդպես մասնակցի։ Եթե իհարկե այդ հանրաքվեն լինի»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, որ սյունեցիների մի հատվածը ջերմ ընդունեցին Նիկոլ Փաշինյանին, Մամիջանյանն ասաց․ «Ես երբեք չեմ կարող մեղադրել իմ հայրենակիցներին, ես կարող եմ մեղադրել ինձ, որ չեմ կարողացել իրականությունն ու ճշմարտությունը հասցնել այն հայրենակիցներիս, որոնք երեկ ուրախությամբ հյուրընկալում էին Փաշինյանին, հանած իրենից կախում ունեցող մարդկանց»: