Բնակարանային ապահովման ծրագիրը պետք է վերանայվի․ Լիաննա Պետրոսյան

  • 09:11 19.06.2024

Step1.am –ի զրուցակիցն է հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը:

-Բնակարանային ապահովման ծրագիրը մի շարք հարցեր ու խնդիրներ է առաջացրել: Ինչու այդ ծրագիրը չի ընդունվում արցախցիների կողմից:

-Մեծամասնությունը  պատրաստ չի օգտվել  այդ  ծրագրից: Վերլուծելով սոցիալական տիրույթում մարդկանց անհանգստությունները, պահանջները` մի շարք առաջարկներ առանձնացրի, որոնց հիման վրա կարելի է ծրագիրը դարձնել մարդակենտրոն, թիրախային և ինչու չէ` շահագրգռող, որ մարդիկ օգտվեն, իրենց զգան արժևորված, որովհետև փաստացի ծրագիրը նրա համար է, որ մարդ ՀՀ-ում իրեն զգա քաղաքացի, ոչ թե քաղաքացիության իրավիճակն եմ նշում, այլ որպես հայ մարդ, ով ապրում է ՀՀ-ում: Այդ առաջարկները հիմնված են քաղաքացիների բարձրացրած խնդիրների վրա: Առաջինը վերաբերում է պարտադիր քաղաքացիություն ստանալուն:  Մարդիկ կտրականապես դեմ են այդ առաջնային պահանջին և որպես առաջարկություն կարելի էր տվյալ անձանց համար դիտարկել հետագայում քաղաքացիություն ընդունելու պահանջը, մարդկանց հնարավորություն տալ փախստականի վկայականի, բռնի տեղահանվածի կարգավիճակի հիման վրա ծրագիրը իրացնել և հասցնել շահառուներին:

-Ծրագրով նախատեսված է հատուկ խմբերին (զոհվածների, կերակրողը կորցրած, հաշմանդամություն ունեցողների ընտանիքներին) առավելություն տալ առաջնային փուլում ընդգրկվելու համար: Ուրիշ ինչ արտոնություններ ունեն հատուկ խմբերը:

-Առաջարկվել է որոշակի տարբերակների դիտարկում, որպեսզի մարդն արժևորված համարի իր հարազատի կորուստը: Այսինքն` եթե ունեցել է կորուստ պատերազմներում, այսօր նրան հնարավորություն են տալիս առաջնային փուլում դիմել, բայց բացի դրանից նաև այլ հնարավորություններ տալ, օրինակ` չսահմանափակել  նրա նվազագույն գումարի շեմը, որը 3 մլն է և հասնում է 5 մլն-ի և հնարավորություն տալ այդ ընտանիքներին օգտվել 5 մլն շեմից: Մյուս կարևոր կետն այն է, որ այն մարզերում, որտեղ այսօր արցախցին ժամանակավոր բնակություն է հաստատել, կարողանա տվյալ մարզից, տվյալ քաղաքային, կամ գյուղական բնակավայրից տուն ձեռք բերել, շարունակել կյանքն այդտեղ, որովհետև հեշտ չէ ամեն անգամ նոր բնակավայր տեղափոխվել, նոր դպրոց հաճախել… Այսինքն` մարդն ինչ-որ չափով հարմարվել է այդտեղ …

-Ծրագրով նախատեսված գումարի չափն արդյոք համապատասխանում է այս տարվա` բնակարանների առուվաճառքի գներին:

– 1-4 անձից բաղկացած ընտանիքները պարզ է, որ 12 միլիոնով, չենք ասում Երևանում, նույնիսկ Երևանին սահմանակից մարզերում հնարավոր չէ բնակարան ձեռք բերել: Որքան էլ որ շահարկվում է այն հանգամանքը, որ ծրագիրը կազմվել է նախորդ տարվա բնակարանների առուվաճառքի գների հիման վրա, մենք շատ լավ գիտենք, որ այդ գները չեն համապատասխանում այն իրական շուկայական արժեքներին, որ հիմա կան ՀՀ-ում: Նույնիսկ սահմանամերձ վայրերում բնակարան ձեռք բերելու համար մարդկանց անհրաժեշտ է մեծ, կլորիկ գումար:

-Ինչ է լինելու փոքր կազմով ընտանիքների հետ:

-Փոքր կազմով ընտանիքները… Կառավարությունը, չգիտեմ ինչու, միշտ շեշտը դնում է 6 և ավելի անդամներից բաղկացած ընտանիքների վրա: Չգիտեմ, ինչ-որ մեկը վիճակագրություն արե՞լ է արդյոք, թե Արցախից տեղահանված ընտանիքները ինչ կազմով են, եթե նման վիճակագրություն ունեն և կա փաստ, որ բոլոր ընտանիքները կազմված են 6 և ավել անդամներից, և նրանք նվազագույնը 18 միլիոն հավաստագրի հիման վրա կարող են բնակարան ձեռք բերել` խնդիր չկա… Բայց եթե չկա այդպիսի վիճակագրություն և շուկայական գներն էլ, վստահ եմ, որ հենց ծրագիրը մեկնարկի` 10-15 տոկոսով բարձրանալու են, ու դա ոչ ոք չի կարող բացառել… Մյուս կողմից էլ չեմ հասկանում` ինչ է դա տալու ՀՀ կառավարությանը, որովհետև մարզաբնակ ՀՀ մեկ քաղաքացին փոխարինվելու է տեղահանված, ՀՀ քաղաքացիություն ստացած անձով և բնականաբար, մարզում իր բնակարանը վաճառած անձը հայտնվելու է կա’մ մայրաքաղաք Երևանում, կա’մ մարզի գյուղական բնակավայրից տեղափոխվելու է քաղաքային բնակավայր, կա’մ էլ վերջին երրորդ ընտրություն` տեղափոխվելու է ՀՀ-ից: Այսինքն` սրանով ժողովրդագրական խնդիրներ չեն լուծվելու:

-Ինչ կասեք իրականացման ժամկետների հետ կապված մարդկանց մոտ առաջացած մտահոգությունների  մասին:

-Եթե անձը չի համապատասխանում առաջին և երկրորդ փուլերին դիմելու ընթացակարգերին, պետք է սպասի, որպեսզի ծրագրին երրորդ փուլով դիմի:  Այս պահին անհայտ է, թե ինչ է լինելու տվյալ ընտանիքների հետ մինչև այդ երրորդ փուլին հասնելը` մանավանդ, երբ կառավարությունը շրջանառության մեջ դրեց այն գաղափարը, որ 2025թ. հունվարից 40+10 հազար սոցիալական աջակցությունները տրամադրվելու են միայն թոշակառուներին, հաշմանդամներին, անչափահասներին: Փաստացի, աշխատելով ՀՀ-ում,  հնարավոր չէ և’ կենցաղային խնդիրներ լուծել, և’ ընտանեկան հոգսերը հոգալ` դրան զուգահեռ վճարելով աստղաբաշխական գներով բնակվարձ: Սա ևս պետք է զուգահեռ քննարկվի, եթե մարդիկ չեն կարող դիմել առաջին, երկրորդ փուլերով, այս անձանց համար սոցիալական աջակցությունը պետք է լինի շարունակական:

-Արցախ տեղափոխված և երկար տարիներ այնտեղ ապրած ՀՀ քաղաքացիները որևէ կերպ օգտվելու են ծրագրից:

– Այս պարագայում պետք են վերանայումներ: Այդ ընտանիքները  բախվում են խնդիրների, որովհետև եթե նրանք այստեղ ունեն որոշակի սեփականություն, համասեփականատեր են` զրկվում են այդ աջակցությունից, և իմ առաջարկն էր, որ գոնե, ինչպես հիփոթեքի պարագայում է, գոնե այս անձանց նմանատիպ գումար տրամադրվի, որ նրանք ևս կարողանան ծրագրից օգտվել: Այս և նման առաջարկների մասին բարձրաձայնել եմ և հույս ունեմ, որ անդրադարձ կլինի, ծրագիրը կդառնա կենսունակ, և մարդիկ կկարողանան օգտվել ծրագրից, երբ այն լինի ըստ իրենց պահանջի:

Տաթև Ազիզյան

f