Ստեփանակերտի օդանավակայան, 19-21 սեպտեմբերի, 2023թ. Լուսանկարը՝ Ալվարդ Գրիգորյանի
Խորհրդարանի բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մեղադրեց արցախցի գեներալներին դասալքության մեջ՝ ասելով, որ «վախկոտ դավաճանները պետք է բանտում փտեն մինչև իրենց օրերի վերջը»։
Միևնույն ժամանակ, Փաշինյանը մեղադրում է Արցախի ղեկավարությանը Բաքվի հետ բանակցությունների իր «պլանը» չընդունելու մեջ, որը թույլ կտար հայերին մնալ Արցախում «առանց դիմադրության» և ռազմական բախման։ Նա մեղադրում է Արցախի նոր իշխանությանը, որ մարդկանց ստիպել են լքել տները, որ գան Երեւանում իշխանություն փոխեն։ Եվ քանի որ Արցախում մարդ չկա, Արցախի կարգավիճակը հիմա իբր չի քննարկվում։
Այս պարադոքսը չտեղեկացված մարդու համար դժվար է ընկալել, բայց մի երկու պարզ հարցով կարելի է պարզաբանել, թե ինչ է առաջարկել Փաշինյանը Արցախին, ում են դավաճանել արցախցի գեներալները, ինչու են մարդիկ լքել Արցախը։
«Եռակողմ» ծրագրի համաձայն՝ 9-ամսյա շրջափակումից հետո Արցախի ղեկավարությունը (այն ժամանակ դեռ Արայիկ Հարությունյանը) 2023 թվականի հուլիսին պետք է բանակցեր Բաքվի հետ, ավելի ճիշտ՝ կապիտուլյացիայի ենթարկվեր առանց դիմադրության։ Հարությունյանը բացահայտ խոսում էր ծրագրի մասին՝ պետական կառույցների, բանակի լուծարում, զինաթափում և «ինտեգրում»։
Բերձորի ճանապարհը պետք է կարճ ժամանակով բացվեր, «ինտեգրվել» չցանկացողները կարող էին հեռանալ (բացառությամբ ռազմական գործողությունների մասնակիցների), իսկ մնացածները պետք է մնային ու դառնային «ադրբեջանցիներ» Արցախում ռուս-թաթարական բանակի աչալուրջ աչքի առաջ։ Եկեղեցիները «ալբանական» կլինեին, դպրոցներում կդասավանդվեր Ալիև-Փաշինյան փառապանծ բռունցքի պատմությունը, իսկ Խանքենդիի մուտքի մոտ կկախվեին Պուտինի և Էրդողանի դիմանկարները։
Դա էր պլանը։ Սեպտեմբերի 19-20-ը կատաղի դիմադրություն ցույց տված արցախյան զինուժը «դավաճանեց» այս ծրագիրը՝ տապալելով «խաղաղ ինտեգրացիան»։ Երկրորդ անգամ զինվորները «դավաճանեցին»՝ ըստ երևույթին ողջ մնալով, այլ ոչ թե ամբողջությամբ զոհվելով։
Փաշինյանը կոնկրետ ինչո՞ւմ է մեղադրում արցախցի զինվորականներին. որ դասալի՞ք դուրս եկան, թե՞ որ դիմադրել են։
Ինչո՞ւմ է նա մեղադրում Արցախի ղեկավարությանը. որ նա խափանեց «խաղաղ ինտեգրացիա՞ն», որի պայման էր «ռազմական հանցագործների», այսինքն՝ արական սեռի մեծամասնության լիկվիդացիան։
Ինչո՞ւմ է նա մեղադրում արցախցիներին. որ նրանք փախստակա՞ն են դարձել, ոչ թե դասալիք, որ եկել են Հայաստան՝ դառնալով գլխացավանք։ Դասալիքներին կերակրելու կարիք չէր լինի, բայց փախստականներին ստիպված են կերակրել:
Ըստ երևույթին, 2023 թվականի ամառային պլանը դեռևս գործում է, և հնարավոր է, որ ինչ-որ պահի արցախցիների որոշակի զանգված հրավիրվի վերադառնալու և «ինտեգրվելու»։ Համենայնդեպս, Արցախի ժողովրդին երկարաժամկետ սատարելու կառավարության ծրագրերը ուղղված չեն Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններ սկսելուն և նրա բնիկ բնակչության իրավունքների պաշտպանությանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: