Վրթանես սրբազան․ Արցախի իշխանությունը վտարանդի է, կա’մ անգործ, բայց ինքն է այդ ժողովրդի պատասխանատուն

  • 22:14 19.06.2024

Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է արցախցիների հետ

Հունիսի 19-ին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Սուրբ Երրորդություն եկեղեցու ներքնասրահում հանդիպում է կազակերպել արցախցիերի հետ: Տերունական աղոթքից հետո եպիսկոպոսն անդրադարձել է արցախցիներին հուզող մի շարք հարցերի` հորդորելով մի կողմ թողնել կենցաղային, սոցիալական խնդիրները և չլքել հայրենիքը, չարտագաղթել, երկրորդ անգամ չվտանգել Արցախի հարցը:

«Արցախն այդ մեծ հայրենիքի մի սենյակն էր և ցավալի է նշել, թե ինչքան արցախցիներ են հիմա արտերկրում: Հորդորում եմ զերծ մնալ բոլոր տեսակի տարանջատումներից, բաժանումներից, վեճերից և արցախցու պատիվը բարձր պահել: Արցախի թեմը շարունակելու է իր գործառույթները համապատասխան այն կարգադրություններին, որոնք տալիս է Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը»,-ասել է նա:

«Չամաչեք ձեր բարբառից, չամաչեք ասել, որ դուք արցախցիներ եք: Այն ամենը, ինչ դուք սովորել եք Արցախում, ինչ վերցրել եք Արցախից, կարող եք փոխանցել ձեր հարևաններին, մտերիմներին, դա նույնպես մշակույթ է»,-պատգամ հղեց նա `նշելով, որ մենք պետք է մշտապես արթուն պահենք Արցախի հարցը:

Եպիսկոպոսն իր խոսքում նշել է, որ Արցախի թեման փակված չէ. «Անշուշտ, մեխանիզմների մասին չեմ կարող խոսել: Զուտ կարող եմ խոսել որպես հոգևորական, որպես մարդ, որպես արցախցի, արդարություն հասկացողության վերաբերյալ: Արցախցին պիտի վերադառնա իր պապենական տունը: Մնացած գործառույթները համապատասխան միջազգային կառույցների գործառույթներն են, ես չեմ կարող դրանց բանաձևումները տալ: Ես միայն ասացի, որ արդարության վերականգնումը  սրբազան վերականգնում է, դա արդարության նժարն է, քանի որ մեզ բռնի են տեղահանել: Արցախի իշխանությունը պետք է նույն ձևաչափով իր մտահոգությունը հայտնի այդ ուղղությամբ: Այսօր այդ իշխանությունը վտարանդի է, կա’մ կիսագործունյա, կա’մ անգործ, բայց այսօր ինքն է այդ ժողովրդի պատասխանատուն: Մեր ցանկությունը միայն այն է, որ մեր ժողովուրդը լինի անվտանգ, չապրի Ադրբեջանի կազմում»:

Վրթանես Աբրահամյանն անդրադարձել է նաև Սրբազան շարժմանը. «Երբ մեր հոգևորականները տարբեր մարտերի են մասնակցել, իշխանությունը երբեք չի ասել, թե ինչու է եկեղեցին մասնակցում ռազմական գործողություններին: Չէին նշում, որ դրանով բարձրանում է եկեղեցու հեղինակությունը: Այս ամենի ժամանակ կառավարությունը լուռ էր: Չէին բարձրաձայնում այն կարևոր առաքելությունը, որ իրականացնում էր եկեղեցին: Եկեղեցին իր առաքելության մեջ է, չի շեղվել, մշտապես կանգնած է պետականության կողքին և աղոթում է պետականաշինության համար»:

Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ է նշանակվել պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը: Նա նշել է, որ  հուլիս ամսից գրասենյակը զբաղվելու է Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմամբ.«Մենք ամեն օր սոցիալական ցանցերում տեսնում ենք Արցախի տարբեր եկեղեցիների, հուշարձանների, խաչքարերի, ենթակառուցվածքների ոչնչացում: Դա արվում է մեր անցյալը ջնջելու համար: Մենք պետք է բարձրաձայնենք այդ խնդիրները»:

Հանդիպման վերջում արցախցիները լրացրին հարցաթերթիկներ, որոնք կփոխանցվեն պատկան մարմիններին և միջազգային կառույցներին:

Տաթև Ազիզյան

f