19 դարից եկած մի կրթօջախի պատմություն․ Կարմիր գյուղ, պատմականորեն Դռնավարզ

  • 08:44 20.06.2024

Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղը, պատմականորեն Դռնավարզ, դարերի պատնություն ունի, ինչի մասին փաստում են գյուղի պատմամշակութային ու հնագիտական հուշարձանները։ Երբ ինձ փորձում են համոզել, որ Արցախը Ադրբեջան է, ես ուզում եմ հարցնել, այդ ո՞նց է, որ 19-րդ դարում իմ հայրենի գյուղում բացված կրթօջախների մասին վկայություններ կան, բայց Ադրբեջանի մասին ոչ։ Չնայած չեմ բացառում, որ Արցախը Ադրբեջան համարողները արագ տեմպերով քարտեզ կտպեն, որտեղ 19-րդ դարում ցույց կտան Ադրբեջան պետություն։

Աղբյուրները վկայում են, որ մինչև 19-րդ դարի 70-ական թվականները Դռնավարզի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից գործել է դպրոց՝ 10 աշակերտով։ 1860-70-ական թթ. Արցախի թեմում բացված եկեղեցական ծխական և մասնավոր դպրոցների ցանկում հիշատակվում է Դռնավարզի նախակրթարանը, որն ուներ մեկ դասարան, 20 աշակերտ, մեկ ուսուցիչ:

Այդ մասին իր «Դռնավարզի զանգը» անտիպ գրքում նշել է նաև Սամվել Ղուկասյանը, ով 1935 թ-ից ուսուցչությամբ է զբաղվել Կարմիր գյուղում։ Ըստ Ս․ Ղուկասյանի անձնական արխիվային նյութերի, 1866-67 ուս․ տարում 20 երեխայի ընդգրկմամբ գործել է դպրոց, իսկ դռնավարզեցի Պետրոս Տեր-Մանվելյանը /ծնվ.1848թ., ապրել է 98 տարի/ վկայում է, որ 12 տարեկան հասակում սովորել է այդ դպրոցում, որի ուսուցիչը եղել է իր պապը՝ Պողոս Տեր-Մանվելյանը: Վերջինս կրթություն է ստացել Ամարասի հոգևոր դպրոցում, ձեռք բերել ժամանակի պահանջներին համապատասխան պատշաճ գիտելիքներ։

Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ 1873թ. գյուղի հասարակությունը խնդրանքով դիմել է կաթողիկոսին՝ գյուղում ծխական դպրոց բացելու համար: 1874-1875 ուսումնական տարում գյուղի նորաբաց եկեղեցական ծխական դպրոցի երկու բաժանմունքներում սովորել են 55/56 աշակերտ, չորսը՝ անվճար: Արդեն 1887-1888 թթ. դպրոցն ուներ 57 աշակերտ և մեկ ուսուցիչ, իսկ 1892-93 ուստարում 59 աշակերտ և երկու ուսուցիչ: Դպրոցը կոչվում էր Ս.Պողոս-Պետրոսի անունով։ 1896 թ-ին Դռնավարզի դպրոցը նույնպես փակվել է հայկական դպրոցների դեմ իրականացվող քաղաքականության արդյունքում։

1906թ. վերաբացված դպրոցը գործել է արդեն երեք բաժանմունքով: 1908-09թթ. Արցախի թեմում գործող դպրոցների ցանկում հիշատակվում է Դռնավարզի միդասյա երկսեռ դպրոց, երեք դասարան, տղա՝ 28, աղջիկ՝ 33, վարժուհի մեկ: Դպրոցում դասավանդում էին կրոն, տոմարագիտություն, հայոց պատմություն, ռուսաց լեզու, մաթեմատիկա, երգեցողություն, վայելչագրություն։

1911-12թթ. Ղարաբաղի թեմի հայ ազգաբնակչության, հագևոր-վարչական, դպրոցական և կալվածական դրության մասին համառոտ տեղեկագրի համաձայն Դռնավարզը մտնում էր Վարանդայի Գ մասի գործակալության մեջ, ուներ եկեղեցական միդասյան դպրոց, որը պահվում էր թոշակով, մասամբ՝ հասարակական տուրքով։

Ուշագրավ է այն փաստը, որ Բաքվի Հայոց Կուլտուրական Միության կրթական սեկցիան նիստերից մեկում որոշում է 1912-1913 ուստարվանից Վարանդայի հինգ գյուղերում, այդ թվում և Դռնավարզում, հինգամյա դասընթացով կենտրոնական դպրոցներ բացել, որտեղ շրջակա գյուղերի միդասյան դպրոցների սաները պիտի շարունակեն իրենց ուսումը: Դռնավարզցիները առանձնակի ուրախությամբ են ընդունում լուրը և որոշում են կառուցել դպրոցական նոր շենք, քանի որ դպրոցի համար շենք չկար։ Այդ նպատակով ընդհանուր ժողով են հրավիրում՝ կամենալով դիմել օտար վայրերում ապրող հարուստ դռնավարզցիներին, խնդրել օգնություն, հուսալով, որ «չեն խնայի նրանք իրենց լուման ձգելու այս հանրաշահ հիմնարկության աղքատիկ գանձարանի մեջ»։

Բայց շուտով հայ ժողովրդին, նաև՝ արցախյան հատվածին պատուհասում է առաջին Աշխարհամարտը, նախաձեռնված դպրոցաշինության գործընթացը մնում է անավարտ: Դպրոցի շենքի կառուցումն ավարտվել է 1932 թվականին, որը շահագործվել է մինչև 2023 թվականը, մինչև Ադրբեջանի կողմից գյուղի բռնազավթումը։

Արմինե Հայրապետյան

f