Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանների, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի, ինչպես նաև ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ։
«Ջերմ և արդյունավետ հանդիպում համախոհ դիվանագետների և հայ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի աճող դերը համաշխարհային ասպարեզում։ Միասին մենք հավատարիմ ենք տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը նպաստելուն»,- նշել է ամերիկացի պաշտոնյան Х-ում՝ ընդգծելով, որ հենց սա է շարունակական գործընկերության և ընդհանուր բարգավաճման ապագան:
Հետաքրքիր ձեւաչափ է՝ ԱՄՆ, Հնդկաստան, Հայաստան, Ֆրանսիա, ԵՄ /լռելյալ նաեւ Իրանը/։ 9 ամիս առաջ, 2023 թ․ սեպտեմբերի 17-ին, ԱՄՆ մասնակցել է մեկ այլ ձեւաչափով հանդիպման՝ ԱՄՆ-Ռուսաստան-ԵՄ-Թուրքիա։ 2 օր անց Արցախի վրա հարձակում է տեղի ունեցել, այն օկուպացվել է, իսկ բնիկ բնակչությունը բռնի տեղահանվել։ Հայաստանի ողնաշարը կոտրվել է, հիմա կարելի է այլ ձեւաչափի մասին մտածել։
ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Օ Բրայանը, որը նորերս էր Հայաստանում, ասել է՝ ԱՄՆ դեռ չեն պարզել, տեղի ունեցածը գա՞ղթ էր, թե՞ էթնիկ զտում։ Նա ասել է, որ միջազգային կազմակերպությունները մուտք ունեն այդ տարածք, եւ նրանք գնահատական կտան, եւ դա զգուշացում էր Բաքվին։ Օ Բրայանը նաեւ պնդել է, որ շանս կա Միջին Ասիայից դեպի Միջերկրական ծով ճանապարհ բացել, հավանաբար՝ Հայաստանով։ Եւ որ Բաքուն պետք է հրաժարվի հավելյալ պահանջներից։
Իսկ դրանից հետո Հայաստան եկած Ռիչարդ Վերման “տեղական ժողովրդավարության” թեմայով համաժողովի է մասնակցել, նշելով տեղական իշխանությունների դերը՝ նաեւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության առումով։ Դրանից հետո Փաշինյանը գնացել է Սյունիք եւ կոչ արել երիտասարդներին “տուրիստների հոսքին” պատրաստվել՝ ավելի ազատ հագնվել, կաֆեներ բացել։
Ճանապարհները հավանաբար կբացվեն, բայց Հայաստանից միայն “տեղական իշխանությունները” կմնան, քանի որ ճանապարհները կմասնատեն Հայաստանը եւ կդարձնեն “անկլավների երկիր”։