ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայից մեկնել է Լյուքսեմբուրգ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հեղափոխական ելույթ է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։ Հայաստանի Կառավարությունը եւ Ազգային ժողովը հրապարակավ չեն արձագանքել հնչեցրած մտքերին, հատկապես՝ 1994 թ․ ստատուս-քվոյին վերադառնալու անհրաժեշտության մասին։
«Ես ծանր սրտով եմ դիմում ձեզ՝ տեղյակ լինելով այն ողբերգական իրադարձություններից, որոնք ցնցեցին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը։ Ավելի քան 100 հազար հայ բռնի տեղահանվեցին այն անհիմն ու անարդարացի ռազմական գործողությունների հետեւանքով, որը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն իրականացրեց։ Այս իրադարձությունը ոչ միայն մեծ տեղահանում է առաջացրել, այլ նաեւ սպառնում է Հայաստանի մշակութային արեժքներին։ Մենք չենք կարող անտարբեր մնալ Հայաստանի ինքնության եւ պատմության ջնջմանը Պատմական ճշմարտության հիշողությունը եւ ճանաչումը կարեւորագույն գործոններ են՝ ապագան կառուցելու համար»,- ասել է Կլոդ Վիզլերը։
Կլոդ Վիզլերն անդրադարձավ նաեւ Արցախի կարգավիճակի հարցին։ «2020 թվականի հոկտեմբերին ԼՂ երկրորդ պատերազմի ժամանակ Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունեց հայտարարություն, որով խստորեն դատապարտում էր 1994 թվականի զինադադարը խախտող ռազմական գործողությունները։ Խորհրդարանականները միաձայն դատապարտեցին արտաքին միջամտությունը, հատկապես Թուրքիայի ռազմական աջակցությունը Ադրբեջանին։ Նույն տարվա դեկտեմբերին պատգամավորների պալատը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ շեշտելով, որ կրիտիկական կարեւորություն ունի նախաձեռնելու համապարփակ քաղաքական գործընթացներ, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանը»,- նշեց նա։