«Էս վերջերս ինձ մոտ հարց ծագեց՝ որ անընդհատ գրում ենք 10 մլն հայ, մի տեղ կա՞ էդ հայերի ցուցակը: Համոզված եմ, որ չկա»: Այս մասին հունիսի 19-ին, ՀՀ պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մենք ոչ միշտ ենք կարևորություն տալիս թվաբանությանը:
«Այստեղ էլի սրբացման ֆենոմենն ա, որ էդ թիվը սուրբ ա, հանկարծ չկպնե՛ք: Էդ թիվը ո՛չ ավելանում ա, ո՛չ պակասում, չես կարա փոխես: Մեկը ասի 10 մլն չի, 10 մլն 561 հազար ա, բոլորը կհարձակվեն, կասեն ա՛յ տգետ, ա՛յ դիլետանտ, դու որտեղի՞ց գիտես: Մեկը ասի՝ չէ, 9 մլն 200 հազար ա, կասեն՝ ստահակ, դու նսեմացնում ես հայերի համաշխարհային ազդեցությունը, դու գրչի մի հարվածով 800 հազար հայի ջնջեցիր»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:
«3-րդ հանրապետության պատմության ընթացքում հաճախ Սփյուռքը դիտարկվել է որպես ՀՀ կառավարման օժանդակ ինստիտուտ: Տեղի ունեցող փոփոխությունն այն է, որ մենք ասում ենք՝ Սփյուռքը ՀՀ կառավարման օժանդակ ինստիտուտ չի կարող լինել, որովհետև ՀՀ-ն իր հստակ մեխանիզմներով գործիք է, որտեղ շատ հստակ նշված է ՝ ովքեր և ինչպես են կառավարում այդ մեխանիզմը: Եթե այդ մեխանիզմի ճարտարապետության մեջ չկա մի որևէ դետալ կամ ոչ դետալ, այլ ավելի մեծ ամբողջություն, և մենք փորձում ենք այդ ամբողջությունը կապել այդ մեխանիզմին, մենք արգելակում ենք այդ մեխանիզմի առաջընթացը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետք է վերջ դրվի նաև հակառակին՝ ՀՀ-ն պետք է դադարի դիտարկվել որպես Սփյուռքի կառավարման օժանդակ գործիք:
«ՀՀ-ն սփյուռքի կառավարման օժանդակ կամ ոչ օժանդակ գործիք դարձնելու պարագայում, մենք ՀՀ-ն դուրս ենք դնում իր իրավազորության սահմաններից և դարձնում ավելի խոցելի:Պետք է տեղի ունենան փոփոխություններ նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը, ըստ էության, պահանջում է, որ Սփյուռքը չմիջամտի Հայաստանի գործերին։ Անուղղակիորեն սա կոչ է սփյուռքի կազմակերպություններին, մասնավորապես Եվրոպայի, ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի, չզբաղվել ազգային շահերի լոբբինգով, քանի որ դա հակասում է Հայաստանի պաշտոնական քաղաքականությանը, իսկ այս քաղաքականությունը բաղկացած է «հայրենիքի» և ազգային երազանքների մասին մոռանալուց և ռուս-թուրքական պայմանագրով Հայաստանին հատկացված հողակտորում ոչ ազգային պետություն կառուցելուց։
Բացի այդ, Թուրքիան առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ Հայաստանի իշխանությունների հետ խնդիրներ չունի, իսկ ռեւանշիստական տրամադրությունները սնվում են Սփյուռքի կողմից։
Էրդողանի հետ զրույցից հետո Փաշինյանը հայտարարում է. «Սփյուռքը պետք է դադարեցնի հայերի ազգային շահերի լոբբինգը իրենց երկրներում, քանի որ Հայաստանի կողմից լիազորված չէ և դեմ է Հայաստանի ներկայիս իշխանության քաղաքականությանը։ Հայկական սփյուռքի լոբբինգի արդյունքում ընդունված ազդեցիկ պետությունների որոշումները դառնում են գլխացավանք պաշտոնական Երևանի համար և խոչընդոտ՝ Հայաստանի վերացման քաղաքականության համար։ Այս քաղաքականությանը խոչընդոտում են Արցախը, եկեղեցին և սփյուռքը, և Երևանը մեթոդաբար աշխատում է այդ խոչընդոտները վերացնելու ուղղությամբ»։