Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։
-Պարո՛ն Բալայան, Արցախի իշխանությունները գործունեություն ծավալո՞ւմ են, Ազգային ժողովի պատգամավորները քննարկումներ իրականացնո՞ւմ են։
-Շատ թե քիչ գործունեություն ծավալվում է, եթե այդպես ձեւակերպենք։
-Իսկ ինչո՞վ է պայմանավորված պասիվությունը։
-Առաջին հերթին ՀՀ իշխանությունների վերաբերմունքով։ Ցավոք, չկա համագործակցություն, փոխըմբռնում։
-Արցախի իշխանությունը պատասխանատվություն ունի Արցախի բնակիչների նկատմամբ։ Այսինքն՝ եթե ՀՀ իշխանություններն Արցախի իշխանությունների հետ քննարկումներ ու շփումներ չունեն, դա ենթադրում է, որ Արցախի իշխանությունները չպե՞տք է զբաղվեն արցախցիների խնդիրների լուծմամբ։
-Խնդիրն այն է, որ փորձ է արվում, բայց աշխատանքը ենթադրում է հնարավորություններ, միջոցներ։ Մարդիկ հարցերով դիմում են, դու պետք է իրավասություն ունենաս, այդ հարցերի լուծումներն ապահովես։ Եթե դա չունես, ի՞նչ կարող ես անել։ Այսօրվա աշխատանքի հիմնական ճակատը հետեւյալն է՝ դուք տեղյակ եք, որ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով՝ Վարդան Օսկանյանի ղեկավարությամբ։ Եվ միջազգային ատյաններում տարբեր երկրների հետ որոշակի աշխատանք է կատարվում՝ հնարավորություն ստեղծելու եւ արցախահայության ամբողջական վերադարձն ապահովելու համար։ Այսինքն՝ այդ ուղղությամբ է որոշակի աշխատանք կատարվում։
-Այսինքն՝ ստացվում է, որ Արցախի իշխանությունները կատարում են ՀՀ իշխանությունների ցանկությունը եւ գործունեություն չեն ծավալո՞ւմ։
-Ո՛չ, մենք ոչ թե այդ ճանապարհով ենք գնում, այլ ես ձեզ ասացի՝ որոշակի գործունեություն ենք ծավալում, բայց հասկանալի է, որ խոչընդոտներ լինում են։ Չենք կարողանում լիարժեք գործունեություն ծավալել։ Այն ցանկալի աշխատանքը, որը ենթադրում ենք, մտածում ենք, այդ ամենը ցավոք սրտի չի ստացվում։
-Օրինակ՝ Արցախի ԱԺ-ն կարո՞ղ է քաղաքական հայտարարություններով հանդես գալ, գույքագրել արցախցիների խնդիրները, ներկայացնել միջազգային ատյաններին։
-Իհարկե, կարող է անել։ Որոշ բաներ արվում են, եթե նկատել եք, որոշ հայտարարություններ լինում են՝ կապված իրավունքների հետ։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այսօր գոյություն ունեցող ՀՀ-Ադրբեջան այս հակամարտության պայմաններում որոշակի զսպվածության հանգամանք կա։ Շատ դեպքերում արցախահայությանը, Արցախի գործող իշխանություններին մեղադրում են, որ իրենց քայլերով Ադրբեջանին դրդում են Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողությունների։ Համենայնդեպս այս հանգամանքները որոշակի ազդող հանգամանքներ են։
-Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում ձեր հետագա աշխատանքը։ Կա Արցախի իշխանություն, բայց փաստացի ժողովրդի առաջ չի կատարում իր պարտականությունները եւ չի փորձում լուծել արցախցիների խնդիրները։
-Իմ պատկերացմամբ՝ Արցախի իշխանությունները պետք է գործեն։ Ավելին, 2025 թվականին ժամկետը լրանալուց հետո պետք է նոր իշխանություն ձեւավորվի։ Ճիշտ է, այս պահին մենք պարտված կողմ ենք, զրկվել ենք Արցախից, բայց դա չի նշանակում, որ Արցախի էջը փակված է։ Կարծում եմ, որ պետք է եղած հանարավորությունների միջոցով շարունակել պայքարել մեր իրավունքների համար։
Ռոզա Հովհաննիսյան