Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրի շրջանակում ապահովել ևս 500 շահառուի աջակցության տրամադրում՝ դրա համար պետբյուջեից հատկացնելով 273 մլն 613 հազար դրամ:
Հիշեցնենք, որ այս ծրագրով նախատեսվում է աջակցել 2023 թվականին արցախցիներին ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ, կարողություններ և աշխատանքային փորձ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով, ինչն իրականացվելու է 3 ուղղությամբ՝
ուսուցում և աշխատանքի տեղավորում,
աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում,
ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ծրագրում 1000 շահառուի ընդգրկումը՝ 873,150.0 հազ. դրամ ֆինանսավորմամբ, սակայն, հաշվի առնելով ծրագրի պահանջարկը (ս.թ. ապրիլի 19-ի դրությամբ ծրագրում արդեն իսկ ընդգրկվել է 665 շահառու)՝ ծրագրում նոր շահառուների ընդգրկման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու անհրաժեշտություն է առաջանում։
Բացի այդ, հաշվի առնելով, որ շահառուների ճնշող մեծամասնությունը (ընդգրկված 665 շահառուներից 664-ը) ընդգրկվել է ծրագրի 2-րդ՝ աշխատանքային փորձառության բաղադրիչով, ծրագրին հատկացված ֆինանսական միջոցները վերաբաշխելու անհրաժեշտություն է առաջանում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: