Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է։
Համաձայն 1951 թվականի հուլիսի 28-ին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ փախստական է համարվում այն անձը, ով «ռասայական, կրոնական, ազգային պատկանելության, որոշակի սոցիալական խմբի անդամակցության կամ քաղաքական կարծիքի պատճառով հալածվելու հիմնավոր վախի պատճառով, իր ազգության երկրից դուրս է հայտնվել և չի կարող օգտվել այդ երկրի պաշտպանությունից կամ նման վախի պատճառով չի ցանկանում օգտվել այդ պաշտպանությունից, կամ չունենալով քաղաքացիություն և նման իրադարձությունների հետևանքով իր նախկին սովորական բնակության երկրից դուրս լինելով, նման վախի պատճառով չի կարող կամ չի ցանկանում վերադառնալ այնտեղ»:
Ինչպես տեսնում ենք, Արցախի բնակիչները լիովին համապատասխանում են այս սահմանմաը։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի տվյալներով՝ աշխարհում փախստականների թիվը հասել է 114 միլիոնի և շարունակում է աճել։ Նրա կարծիքով, «հարկադիր վերաբնակեցման մասշտաբների մեծացմանը նպաստող հիմնական գործոններից մեկը հակամարտողների կողմից պատերազմի հիմնական կանոնների խախտումն է։ Գնալով ավելի ու ավելի շատ խաղաղ բնակիչներ այլ այլընտրանք չեն ունենում, բացի սարսափահար փախչելուց»:
Հարուստ երկրները, շարունակեց Գերագույն հանձնակատարը, մշտապես մտահոգված են այն բանով, ինչ նրանք անվանում են «անկանոն շարժեր»: Սակայն այս երկրները, կարծում է Գրանդին, բավականաչափ չեն անում մարդկանց օգնելու համար, քանի դեռ փախստականները իրենց ճակատագիրը կվստահեն թրաֆիքինգով մարդկանց վաճառողներին: Նա Անվտանգության խորհրդին կոչ է արել հաղթահարել տարաձայնությունները և գործել, քանի որ հակառակ դեպքում, ըստ նրա, աշխարհին ավելի մեծ քաոս է սպասվում։
Արցախցիների բախտը մի փոքր ավելի է բերել. նրանք փախստականներ են իրենց մայր հայրենիքում և, ամենայն հավանականությամբ, թրաֆիքինգի վտանգի տակ չեն։ Բայց միշտ չէ, որ կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կատարում է փախստականների հանդեպ իր պարտավորությունները՝ համաձայն ՄԱԿ-ի 1951թ. Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի։
Արցախից զանգվածային փախուստից և Հայաստանի Հանրապետությունում հաստատվելուց հետո բոլոր արցախցիները, այդ թվում՝ 2020 թվականին ցեղասպանությունից փախածները, ճանաչվել են փախստականներ՝ դրանից բխող հետևանքներով։ Հետո պարզվեց, որ Հայաստանն Արցախի բնակիչներին վերցրել է ժամանակավոր պաշտպանության տակ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ըստ էության, ժամանակավոր պաշտպանությունը ենթադրում է, որ կառավարությունը կատարում է փախստականներին երկրում ընդունելու հետ կապված բոլոր կետերը։ Սակայն ՀՀ կառավարության քայլերը մտահոգություն են առաջացնում, թե ինչ է լինելու մեզ հետ 2025 թվականի հունվարի 1-ից։
Ինչպես պարզվեց, փախստականների վերաբերյալ կառավարության ծրագրերն այնքան արագ են փոխվում, որ դժվար է դրանց հետևել և հասկանալ տրամաբանությունը։ Իսկ ՀՀ կառավարության տրամաբանությունն է հնարավորինս շատ փախստականների ստիպել ստանալ ՀՀ քաղաքացիություն, միևնույն ժամանակ, սոցիալական ապահովության ծրագրեր կազմել այնպես, որպեսզի արցախցիների մի զգալի մասը լքի երկիրը կամ օգտվի այդ ծրագրերից որքան հնարավոր է ուշ: Ավելին, պետական մակարդակով արցախցիների նկատմամբ ատելության և արհամարհանքի անընդունելի քարոզչություն է իրականացվում։
Ըստ ամենայնի, փախստականների ճգնաժամը միայն Հայաստանի իշխանության առանձնահատկությունը չէ։
Ինչպես հայտնի է, փախստականների մեծ հոսքերը դեպի եվրոպական երկրներ դժգոհություն են առաջացրել այդ երկրների բնակչության շրջանում. մարդիկ բողոքում են հանցավորության մակարդակի աճից և առօրյա կյանքում անհարմարություն պատճառող այլ երեւույթներից։ Հայաստանում հիմնականում մեկ բողոք կա արցախցիների դեմ՝ նրանք են մեղավոր, որ Հայաստանից երիտասարդ տղաներ են զոհվել Արցախի համար, իսկ հիմա արցախցիները փորձում են տապալել իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում։
Շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, բազմիցս ասել են, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել փախստականների՝ նախկին բնակության վայրեր անվտանգ վերադարձի համար։ Այնուամենայնիվ, աշխարհը դեռ չի ստեղծել մեխանիզմներ, որոնք կարող են ապահովել դարավոր թշնամանքի վերացումը, մի ազգի ռասայական խտրականությունը մյուսի նկատմամբ և այլն։
Միջազգային կառույցները (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ և այլն) հայտնվել են լճացման մեջ։ Ամբողջ աշխարհը գտնվում է քաղաքականության և դիվանագիտության ճգնաժամի մեջ։
Հենց սրանից են օգտվում ավտորիտար, ռասիստական, ահաբեկչական սուբյեկտները, այդ թվում՝ ռուսաստանը, թուրքիան և ադրբեջանը՝ անընդհատ սպառնալով հայերին նոր ցեղասպանություններով և ռազմական հանցագործություններով։
«Նոր աշխարհակարգի» առաջնահերթություններից մեկը պետք է լինի փախստականների գործոնի օգտագործման միջազգային մեխանիզմների ստեղծումը՝ ագրեսոր երկրներին պատասխանատվության ենթարկելու և խստորեն պատժելու համար։
Այսօրվա փախստականները չեն կարող իրենց իրավունքները պաշտպանել միջազգային դատարաններում։ Մյուս պետությունների կառավարությունները պետք է բարեխոսեն նրանց համար։ Բայց եթե այլ փախստականների դեպքում օտար երկրների լռությունն ինչ-որ կերպ հասկանալի է (ոչ բոլորն են զուտ քաղաքական կամ տնտեսական շահերից ելնելով ցանկանում խնդիրներ ունենալ ագրեսորների հետ), ապա Հայաստանի դեպքում դա ոչ միայն անընդունելի է, այլև արդեն սպառնալիք է դառնում հենց Հայաստանի ազգային անվտանգության համար։
Իսկ մինչ նոր աշխարհակարգի հաստատումը փախստականներն ամբողջ աշխարհում պետք է գոյատևեն, մեծ մասամբ, անընդունելի կամ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում, հաճախ փոխելով բնակության վայրերը՝ իրենց երեխաների և տարեց ծնողների համար ավելի լավ կյանք փնտրելու համար:
Խնդիրներն անտեսելը նոր խնդիրներ է ստեղծում։ Փախստականների գործոնի օգտագործումը կորպորացիաների շահերից ելնելով մեծ անախորժությունների կհանգեցնի ամբողջ մոլորակի վրա։ Եվ քանի դեռ իրավապաշտպանները լրջորեն ձեռնամուխ չեն եղել փախստականների խնդիրների լուծմանը, նրանց բոլոր կոնվենցիաները, հուշագրերը, գագաթնաժողովները, համաժողովները, համաձայնագրերը, բանաձեւերը զրոյական արժեք կունենան։
Մարգարիտա Քարամյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: