«ՀՀ կառավարության բնակապահովման պետական աջակցության ծրագիրը մեծ դժգոհություններ է առաջացրել արցախցիների շրջանում»։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի պահեստազորի սպա Արմեն Պետրոսյանը։ Նա ներկայացրեց այն խնդիրները, որոնք ավելի հաճախ են բարձրաձայնում արցախցիները։
«Առաջին հերթին ծրագրի աշխարհագրությունն է խնդիր, շատ ցրված է աշխարհագրությունը, դրա հետեւանքն այն է, որ արցախցիների բարբառը, մշակույթը, առանձնահատկությունները չեն պահպանվում։ Եթե մարդիկ համայնքով կոմպակտ բնակվում են, պահպանում են իրենց ավանդույթները, ինչպես նախկինում սասունցիներն են եկել ու համայնքով բնակություն հաստատել Արագածոտնի մարզում։ Երկրորդ խնդիրն այն է, որ մարդկանց մեծ քաղաքներից դիտավորյալ հեռացնելը բերում է նրան, որ արցախցիները որեւէ ազդեցություն չունենան հայաստանյան քաղաքական մթնոլորտի վրա։ Դրա համար փորձում են արցախցիներին ցրել տարբեր մարզեր, մարդկանց քանակը քչացնել, որպեսզի իշխանությունների վրա արցախյան ազդեցությունն ու ներուժը քչացնեն։ Դրանում ավելի շատ շահագրգռված են իշխանական եւ մերձիշխանական ուժերը։ Եվ հաջորդ խնդիրն այն է, որ բնակապահովման համար մարդկանց ստիպում են, որ որոշակի քմ տարածքում տեղավորվեն։ Այսինքն՝ եթե մարդը կարողանա այդ ֆինանսական բեռի տակից դուրս գալ ու մի փոքր մեծացնել իր տարածքը, իրենք չեն թույլատրում՝ պարտադրելով որոշակի քմ տարածք»,- ասաց նա։
Անդրադառնալով ծրագրից օգտվելու համար ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պարտադիր պայմանին՝ Արմեն Պետրոսյանն ասաց. «Դրա կարիքը չկար, մենք այսպես թե այնպես հանդիսանում ենք ՀՀ քաղաքացիներ։ Պարզապես դա ստիպելու ձեւ է, որպեսզի մարդիկ մոռանան Արցախի Հանրապետությունը։ Ստիպում են, որպեսզի ուրանան։ Ինձ թվում է՝ դա ավելի շատ արտաքին ուժերի ճնշմամբ են անում, որպեսզի հնարավորինս քչացնեն այն մարդկանց քանակը, ովքեր վերադարձի հույս են պահում կամ միջոցներ են ձեռնարկում՝ հետագայում Արցախ վերադարձի համար»:
Արմեն Պետրոսյանի խոսքով՝ սոցիալական խնդիրների պատճառով արցախցիների շրջանում արտագաղթողների թիվը մեծանում է։ «Ես հիմա արցախցի երեխաների հետ եմ աշխատում, ստեղծել եմ «Վերադարձ» մարզական ակումբը, որտեղ անվճար ուսուցում է ստանում 58 արցախցի երեխա։ Եվ իմ աշակերտների մի մասն արդեն իրենց մարզահագուստը հետ են վերադարձրել, որովհետեւ իրենց ընտանիքներն իմաստ չեն տեսնում մնալ Հայաստանում եւ այդպիսի ծանր պայմաններում ապրել։ Մարդիկ ստիպված լքում են հայրենիքը։ Սա դիտավորյալ քաղաքականություն է։ Տեսնում եք, որ Սրբազան շարժումն էլ են արհեստականորեն կապում արցախիցների հետ, բայց դա այդքան էլ արցախյան շարժում չէ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը համահայկական շարժում է, եւ իշխանական ու մերձիշխանական ուժերն այն արհեստականորեն կապելով արցախցիների հետ՝ փորձում են տեղաբնիկ ժողովրդի մեջ թշնամանք սերմանել արցախցիների նկատմամբ»,- հավելեց նա։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: