Եվրամիությունը (ԵՄ) շարունակում է կոչ անել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ առանց ահաբեկման կամ խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ գրավոր պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին:
Բացի այդ, Բորելը նշել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին՝ բոլոր չլուծված հարցերի շուրջ։ Ըստ նրա՝ վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ «Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն» ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղ գործընթացին և ճանապարհ հարթել կողմերի միջև վստահության աճի ամրապնդման համար։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից կալանավորների հետ կապված իրավիճակին, ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում հարգել պատշաճ ընթացակարգը, կալանավորների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն», – նշված է բարձրաստիճան պաշտոնյայի պատասխանի մեջ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: