Առգրավվել է Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան

  • 18:10 21.06.2024

Ոստիկանության դիմակավորված հատուկ ջոկատայինները քիչ առաջ կոտրել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության դարպասները եւ առգրավել Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան։ Այս մասին լրագրողներին ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։

«Մեզ ո՛չ մեքենան առգրավելու որոշում են ցույց տվել, ո՛չ հատուկ միջոցներոի գործադրմամբ մեքենան էվակուացնելու որոշում են ցույց տվել, ո՛չ դրա վերաբերյալ արձանագրություն են կազմել, ո՛չ դատարանի որոշում են ցույց տվել, ո՛չ այս բռնի ուժը կիրառելը հիմնավորել են, ո՛չ էլ մեզանից թույլտվություն են հարցրել՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչություն մուտք գործելու համար։ Որեւէ գործողություն չեն կատարել, ընդամենը քննիչը ներկայանալով՝ Արցախի Հանրապետության ներկայացուցությունում գտնվող անձը քննիչին ներս է հրավիրել, եւ այդ ներս հրավիրելու ընթացքում նրանք որեւէ կերպ չեն պարզաբանել, որ պատրաստվում են բռնի ուժ կիրառելով, այսինքն՝ դարպասները ջարդելով, անձանց գործունեությունը խոչընդոտելով, առգրավել նախագահին սպասարկող ավտոմեքենան։ Տեղեկանալով, որ այստեղ ներկա անվտանգության աշխատակիցը չունի դարպասը բացելու լիազորություն, միանգամից հրավիրել են ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայիններին եւ դարպասները ջարդելով՝ կանչել են էվակուացիոն մեքենա, առգրավել նախագահին սպասարկող ավտոմեքենան»,- ասաց փաստաբանը։

Ռոման Երիցյանի խոսքով՝ ինքն առաջարկել է 7 րոպե սպասել, որից հետո կներկայանար, որոշմանը կծանոթանար, եւ դարպասները կբացեին, բայց իրավապահները չեն սպասել փաստաբանի ժամանմանը։ Փաստաբանը կարծիք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները վրդովվել են Արցախի նախագահի վերջին հայտարարություններից եւ այս գործողությամբ ցանկացել են ցույց տալ, որ անում են այն, ինչ ուզում են ու ինչ ճիշտ են համարում։

 

f