ԶԼՄ-ների հաղորդմամբ Փաշինյանը հրահանգ է ստորագրել նոր Սահմանադրության նախագիծ պատրաստելու մասին։
Հայտնի է, որ աբշերոնյան հանցախմբի պարագլուխը բազմիցս պահանջել է փոխել ՀՀ Սահմանադրությունն այն պատճառաբանությամբ, թե դրանում կա տարածքային պահանջ այսպես կոչված ադրբեջանի հանդեպ։ Նա նկատի ունի հղումն Անկախության հռչակագրին, Ցեղասպանության ճանաչման դրույթը եւ Հայաստանի հետ Արցախի վերամիավորման մասին 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշումը։
Ի դեպ, նկատենք, որ 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշումը գիտակցաբար լռության է մատնված ոչ միայն ՀՀ իշխող խմբակի, այլեւ այսպես կոչված ընդդիմության եւ արտախորհրդարանական խաժամուժի կողմից։ Դա պատահական չէ։ Ինքը Փաշինյանն իրեն բնորոշ ծամածռություններով բազմիցս խոսել է ՀՀ խորհրդանշանների եւ Անկախության հռչակագրի մասին։
Երբ նա խոսում է ինչ որ բանի մասին, նշանակում է արդեն որոշում ունի, բնականաբար՝ դրանք վերացնելու մասին։ Ընդ որում, փորձելով տպավորություն ստեղծել, թե խոսքը միայն մի քանի բառ փոխելու մասին է, որպեսզի խաղաղություն լինի։ Ճիշտ այն հնարքով, ինչ՝ «Բերձորի միջանցքի հարցը չքննարկենք, որ Մեղրիի միջանցքի հարց չառաջանա»։
Հանրությունը գուցե այդ օրինակով հասկանա, որ Փաշինյանի այս «չքմեղանքը» ընդամենը Բերձորի միջանցքը վերացնելու պատրվակ էր՝ Մեղրիի միջանցքը իրականություն դարձնելու համար։ Մեղրիի միջանցքը չէր կարող իրականություն դառնալ առանց Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակը վերացնելու, Արցախի օկուպացիայի եւ բնիկ մեծամասնության արտաքսման։
Հիմա Փաշինյանն ու նրա սազանդարները փորձում են համոզել, թե Սահմանադրությունից մի քանի բառ հանելով՝ լուծում են խաղաղության հարցը։ Իրականում Փաշինյանն իրականացնում է ՀՀ պետականության լուծարման իր առաքելությունը, որը պետք է արձանագրվի «նոր սահմանադրությամբ»։
Դրանում բացակայելու է ՀՀ քաղաքական սուբյեկտությունն արձանագրող որեւէ դրույթ, առաջին փուլում ՀՀ հանդեպ այսպես կոչված ադրբեջանի պրոտեկտորատի հաստատմամբ, ինչը ենթադրում է Բաքվի վերահսկողություն մայրուղիների, կապի, բանկային համակարգի վրա։ Զուգահեռ արագ փոխվելու է ՀՀ դեմոգրաֆիական պատկերը, հանվելու է հայերենի՝ որպես միակ պետական լեզու լինելու դրույթը։
Փաշինյանի ելույթը Սիսիանում՝ ճանապարհների բացման, «տուրիստներին» դիմավորելու եւ նրանց սեռական եւ այլ բնույթի ծառայություններ մատուցելու մասին, դրա վկայությունն է։
Իր հերթին, նրա պատգամավորներից մեկն օրերս պաշտոնապես ժխտեց հայերի ցեղասպանությունը։ Սա՝ առաջին փուլում։ Հաջորդ փուլերը թերեւս նկարագրելու կարիք չկա։
Փաշինյանը հայտարարեց, թե չէր սպասում, որ իր «խաղաղության օրակարգը» այդքան լայն ընդունելություն է գտել հայ ժողովրդի մեջ։ Այսինքն, հայ ժողովուրդը համաձայն է պետականության լուծարմանը եւ ցեղասպանության շարունակմանը։ Ընդ որում, ցեղասպանությունը ՀՀ սահմանադրական տարածքով չի սահմանափակվելու, եթե ոմանք հույս ունեն փախչելով փրկվել։ Այս մասին՝ հաջորդ հոդվածում։
Արամ Եգանյան