-Ծնվել է մինուճար որդուս աղջիկը, Անդրեյս իր մասնիկը թողեց, անհիշատակ չմնացինք, – այս խոսքերով ինձ դիմեց 2023 թվականի սեպտեմբերի 25-ի պայթյունից զոհված Անդրեյ Արամյանի մայրը,- տունս լույսով լցվեց, փառք Աստծո․․․
2023 թվականի սեպտեմբերից հետո Ֆելիքս և Ալվարդ Արամյանների համար կյանքը կորցրել է իր բոլոր գույները։ Արցախից տեղահանվելուց հետո ընտանիքը հաստատվել է Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում։ Վշտահար ծնողները չէին կարողանում համակերպվել տղայի կորստի հետ, ոչինչ չէր փարատում նրանց ցավը։ Այսօր՝ ամիսներ հետո, նրանց ծանրացած սրտերում վերջապես ծագեց հույսի մի շող, որը ուժ տվեց վերստին ապրելու համար։
-Որդիս սեպտեմբերի 24-ին է տուն եկել մարտական ծառայությունից։ Տանկային զորամասում էր ծառայում, այդտեղ էի ծառայում նաև ես։ Հոգնատանջ էր, ընկճված։ Ընկերներից զոհեր կային, Անդրեյը չէր կարողանում իր տեղը գտնել։ Արդեն գիտեինք, որ մեզ տեղահանում է սպասվում։ Ինչպես բոլոր արցախցիները, մենք ևս վառելիք չունեինք։ Հայր ու որդի փնտրտուքի մեջ էին։ Սեպտեմբերի 25-ին բոլորի հետ տղաս էլ գնաց բենզին ձեռք բերելու։ Ի՞նչ իմանայի, որ այդ օրը ճակատագրական օր է լինելու, և ոչ միայն մեր ընտանիքի համար։ Որդիս ահավոր այրվածքներ ստացավ, բայց ողջ մնաց։ Ուրախացել էինք գոնե դրանով։ Հանրապետական հիվանդանոցից ուղղաթիռով մյուս վիրավորների հետ տեղափոխեցին Երևան։ 21 օր պայքարում էր որդիս, անտանելի ցավերի մեջ անգամ փորձում էր ժպտալ մեզ։ Մինչև վերջին պահը խոսում էր, հաց ուտում, սրտի կամեցածը կատարում էինք։ Լավատեսորեն էինք տրամադրված, և հանկարծ ասում են՝ Անդրեյը չկա։ Ինչ զգացի այդ պահին, աննկարագրելի է․ երկինքը փուլ էր գալիս, գետինը երերում էր ոտքերիս տակ․․․
Բայց այսօր ցանկանում եմ ուրախությունս կիսել բոլորի հետ․ ես ստանձնել եմ որդուս մինուճար երեխային խնամելու առաքելությունը,- ասում է տիկին Ալվարդը ու ավելացնում, – իմ ընտանիքին պատուհասած դժբախտությունը Արցախում միակը չէ։ Նույն ցավով տառապողներս շատ-շատ ենք, ես բոլորին ուժ եմ մաղթում, իսկ վիրավոր տղաներին՝ ապաքինում։ Թող ոչ մի մայր այլևս արցունք չտեսնի։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: