«Այս իշխանությունները 44-օրյա պատերազմի ծագման ու ընթացքի մասին այնքան ստեր են պատմել, որ իրենք ամենեւին չեն ցանկանա, որ այդ ստերը մերկացվեն»

  • 21:34 21.06.2024

Ինչպես տեղեկացրել ենք, ոստիկանության դիմակավորված հատուկ ջոկատայիններն այսօր կոտրել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության դարպասները եւ առգրավել Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն էլ հրավիրվել է հարցաքննության։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Մեքենան ոչ թե առգրավել են, այլ առեւանգել են, որովհետեւ որեւէ որոշում ու վճիռ չի եղել, ինչն իրենց իրավունք էր տալիս մեքենան առգրավելու»։

«Սա բացառապես քաղաքական ուղերձ էր՝ ուղղված Ադրբեջանին, որ տեսնում եք, մենք ձեր բոլոր հրամանները հլու-հնազանդ կատարում ենք։ Ուղերձ էր նաեւ արցախցիներին, որ արցախցիները որեւէ ներգրավվածություն չունենան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական եւ հանրային գործընթացներին։ Վախեցնելու հերթական մի ժեստն էր, վստահ եմ, որ ձախողվելու են»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը նշեց, որ չի բացառում նաեւ այն, որ սա Արցախի նախագահին լռեցնելու նպատակ ունի, քանի որ Սամվել Շահրամայանն օրերս հայտարարել էր, որ առաջիկայում ավելի մանրամասն կխոսի։ «Այս իշխանությունները 44-օրյա պատերազմի ծագման ու ընթացքի մասին այնքան ստեր են պատմել, որ իրենք ամենեւին չեն ցանկանա, որ այդ ստերը մերկացվեն»,- հավելեց նա։

Արթուր Խաչատրյանը նշեց՝ այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի արցախցիների կողմից օրինական ընտրված իշխանությունները, Արցախի օրինական ներկայացուցիչներն այստեղ չկարողանան որեւէ գործունեություն իրականացնել, որպեսզի Արցախի մեր հայրենակիցները չունենան ղեկավարություն, կազմակերպված չլինեն եւ ի վերջո ՀՀ-ից դուրս գան, ինչին մենք ցավոք սրտի ականատես ենք լինում։ Պատգամավորի խոսքով՝ հազարավոր արցախցիներ դուրս են եկել ՀՀ-ից, մտավախություն կա, որ ուսումնական տարվա ավարտից հետո հոսքը կմեծանա։

«Այո՛, այս իշխանությունների համար Արցախի հարցը, արցախցիները ռիսկ են, եւ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի չեզոքացնեն արցախցիներին, չեզոքացնեն այդ ռիսկը։ Այստեղ էլ իրենք ու Ալիեւը նույն էջի վրա են։ Երկու իշխանությունների համար էլ Արցախը թշնամի է։ Փաշինյանը խոստովանել է, որ Արցախը թոկ էր Հայաստանի վզին, եւ ամեն ինչ անում է, որպեսզի այդ թոկը կտրվի։ Հետեւաբար, կենսական անհրաժեշտություն է Նիկոլ Փաշինյանին կա՛մ սեփական տուն ուղարկել, կա՛մ ուղարկել Բաքու՝ ալիեւենց տուն։ Կարծում եմ՝ իրեն այնտեղ կդիմավորեն»։

Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ ադրբեջանիցները ստեղծել էին Արցախի կեղծ կառավարություն, Շուշիի կեղծ ներկայացուցիչ, որը մի քանի ամիս եղել էր Շուշիի վարչակազմի գործադիր մարմնի ղեկավարը, որեւէ օրենքով իրավունք չի ունեցել ներկայացնել Արցախի Հանրապետությունում ադրբեջանցի փոքրամասնությանը։ Այսինքն՝ կեղծիքներ էին հյուսում Արցախի մասին։

«Հայաստանում մենք ունենք տրամաբանորեն հակառակ իրավիճակ, ունենք օրենքին, Սահմանադրությանը համապատասխան ընտրություններով ձեւավորված իշխանություն, որոնք ներկայացնում են Արցախի Հանրապետության ժողովրդին։ Կրկնում եմ՝ փորձում են ժողովրդին թողնել անգլուխ, առանց իշխանությունների, իսկ առանց առաջնորդության մնացած ժողովուրդը բնականաբար չի կարող կազմակերպվել եւ հակվածություն ունի լքել ՀՀ-ն։ Արցախցիները հայեր են, եւ ՀՀ իշխանությունները հայ ժողովրդի պաշտպանը պետք է լինեն։ Իրենց համար համահայկական նպատակներ չկան, իրենց միակ նպատակը սեփական աթոռը պաշտպանելն է։ Եվ դրա համար իրենք չեն խորշում ամեն տեսակի ստից ու այս զզվելի կապիկություններից։ Իրենք փորձում եմ Հայաստանի բնակիչներին թշնամացնել Արցախի մեր հայրենակիցների հետ, փորձում են ամեն կերպ Արցախի մեր հայրենակիցների կյանքը Հայաստանում անհարմար դարձնել, որպեսզի այդ մարդիկ օր առաջ հեռանան Հայաստանից։ Կրկնում եմ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները հավասարապես թշնամական վերաբերմունք ունեն Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Ռոզա Հովհաննիսյան

 

f