Ալիևը ցանկանում է «ակումբի» անդամ լինել. Հայաստանը՝ «մուտքի վճար»

  • 19:30 22.06.2024

Կովսական

Ադրբեջանի խորհրդարանը դիմել է նախագահին՝ խորհրդարանը ցրելու խնդրանքով։ Իշխող կուսակցության փոխնախագահն առաջարկել է ընտրություններ անցկացնել նոյեմբերին՝ COP 29 Կլիմայի գլոբալ գագաթնաժողովի նստաշրջանի ժամանակ։ Գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել այս տարվա նոյեմբերի 11-22-ը Բաքվում՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից մեկ շաբաթ անց։

Ալիեւը ցանկանում է օգտագործել Բաքվում 70-ից ավելի պետությունների ղեկավարների մասնակցությամբ Գլոբալ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանի “կլանումը” լեգիտիմացնելու համար։ Դրա համար նրան փող է պետք և միջազգային ճանաչում՝ «ակումբին» միանալու հեռանկարով։

Ալիևը ցանկանում է օգտագործել գլոբալ գագաթնաժողովը, որի շրջանակներում մեծ գումարներ են հատկացվում կլիմայական ծրագրերի համար՝ մեծ միջոցներ ներգրավելու «Ղարաբաղի և Հայաստանի կողմից օկուպացված այլ տարածքների վերականգնման համար»։ Այդ նպատակով 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո նա հայտարարեց գրավյալ տարածքներում “կանաչ էներգետիկ գոտու” ստեղծման մասին՝ 2022-2026 թվականների գործողությունների ծրագրով։ Միջազգային կազմակերպությունները և նույնիսկ Ալիևի «ընկերները» ներդրումներ չեն անում այդ հողերում՝ հասկանալով, որ դրանք վիճելի են։ Նույնիսկ Լուկաշենկոն, չնայած ցուցադրությանը, Ալիևին մեկ Բելառուս տրակտոր նվիրեց: Մյուսներն էլ են միայն խոստանում։ Իսկ ՄԱԿ-ի Գլոբալ Կլիմայի հիմնադրամը կարող է դառնալ Ալիևի համար օրինական կերակրատաշտակ։ Առավել եւս, որ նա այդ հողերը համարում է իր ընտանիքի ժառանգությունը։

Բաքվում կայանալիք գլոբալ գագաթնաժողովը, բացի այդ, «լեգիտիմացնելու» է «հակամարտության ուժային լուծումը», որը հակասում է միջազգային գործընթացներին և նորմերին։ Իսկ այս հարցում Ալիեւին կօգնի Հայաստանը։

Հայաստանը, որպես COP բյուրոյի անդամ, համաձայնել է, որ Ադրբեջանը հյուրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը: Երեւանը համաձայնեց այն բանից հետո, երբ Բաքուն փետրվարին վերադարձրեց 32 հայ գերիների։

Հիմա, երբ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Բաքուն խոչընդոտում է «խաղաղության պայմանագրի» ստորագրումը և նոր պահանջներ է առաջադրում, Ալիևը վերադարձրեց երկու հայ զինվորների աճյունները։ Միաժամանակ, Բաքուն հետ չի կանչել իր պահանջները, մասնավորապես՝ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ։ Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Արցախն ու Հայաստանը վերամիավորվել են 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ, և պահանջում է չեղարկել այդ որոշումը։

Հայաստանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ «Ադրբեջանն ամեն ինչ կանի, որպեսզի COP29-ի գագաթնաժողովից հետո խափանվի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը և նոր ագրեսիա սկսի Հայաստանի Հանրապետության դեմ»։

Դժվար թե այս ձևակերպումը Հայաստանի կողմից մեկնաբանվի որպես Ալիևի բաղձալի գագաթնաժողովը խաթարելու «սպառնալիք»։ Ավելի շուտ, Հայաստանի ԱԳՆ-ն դրանով հող է նախապատրաստում հետագա զիջումների «արդարացման» համար։