Ստեփանակերտ, 19 սեպտեմբերի
Արցախցիների բնակարանային աջակցության ծրագրի մեկնարկի կապակցությամբ Step1.am-ի խմբագրություն են դիմում քաղաքացիներ, ովքեր հետաքրքրված են, թե հնարավո՞ր է դիմել ծրագրին մասնակցելու համար, եթե քաղաքացիություն չունեն, բայց ընտանիքը արդեն փաստաթղթեր է նախապատրաստում քաղաքացիություն ստանալու համար:
«Ծրագրի շահառու դառնալու համար պետք է Հայաստանի քաղաքացիություն ունենալ։ Առցանց դիմումը պետք է ներկայացնեն նրանք, ովքեր արդեն քաղաքացիություն են ստացել»,- Step1.am-ի հետ զրույցում պարզաբանեց հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։
Սա նշանակում է, որ ծրագրի մեկնարկից հետո առնվազն մի քանի ամիս դիմորդներ չեն լինի։ Որովհետև տեղահանությունից հետո 9 ամսում Հայաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 2000 քաղաքացի, ընդ որում՝ առանց ընտանիքի անդամների։ Այսինքն՝ այդքան մարդ ՀՀ 070 ծածկագրով անձնագիրը փոխել են 099 ծածկագրով ՀՀ անձնագրի։ Ոչինչ չի փոխվել, ու պարզ չէ, թե ինչի հետ է կապված քաղաքացիության պահանջը։ Եթե 070 ծածկագրով անձնագիրը չի խանգարում աշխարհով մեկ ճանապարհորդել կամ Հայաստանում թոշակ ստանալ, ապա ինչպե՞ս կարող է խանգարել բնակարանային ծրագրին Հայաստանի ներսում։
Այսպես թե այնպես, Հայաստանում այժմ կարելի է գտնել միայն մի երկու ընտանիք, որոնք արդեն քաղաքացիություն ունեն և կարող են դիմել բնակարանային ծրագրի համար։ Սա հանգեցնում է այն եզրակացության, որ ծրագրին մասնակցելու համար քաղաքացիության պահանջը ներդրվել է հեռուն գնացող նպատակներով։ Եվ ոչ միայն նրա համար, որ մարդիկ, ովքեր չեն ցանկանում փոխել իրենց անձնագրերը, հեռանան կամ դադարեցնեն կառավարության աջակցության սպասել:
Մեկ այլ, ոչ պակաս կարևոր պատճառ կարող է լինել՝ պարզապես մերկանտիլ հաշվարկ, քանի որ այլ բացատրություն չկա, թե ինչու չսկսել դիմումներ ընդունել մինչ քաղաքացիություն ստանալը։
Հայաստանի կառավարությունն արդեն ստացել է որոշ, ընդ որում` զգալի գումարներ բնակապահովման ծրագրի համար։ Սակայն ոչ ոք չգիտի, թե ուր են գնում այդ գումարները, ստեղծվե՞լ է արդյոք հատուկ հիմնադրամ, ո՞վ է այն տնօրինում, կա՞ հոգաբարձուների խորհուրդ, ո՞վ է վերահսկում այդ գումարները, և արդյոք շահառուներն իրենք կարող են մասնակցել որոշումների կայացմանը կամ աուդիտին։
Առանձին հիմնադրամի կամ կառավարման մեկ մարմնի մասին ոչինչ հայտնի չէ, ինչը նշանակում է, որ որքան երկար “քնեն” արդեն առկա գումարները, որքան ուշ հասնեն շահառուներին, այնքան ավելի շատ օգուտներ կարող են բերել դրանք կառավարողներին։ Պարզ ասած, մինչ արցախցիները մի քանի ամիս շարունակ վազվզելու են անձնագրային գրասենյակներով՝ հայկական մի անձնագիրը մյուսով փոխելու համար, ինչ-որ մեկը կարող է շրջանառության մեջ դնել բնակապահովության ծրագրի համար հավաքած գումարը։ Ինչո՞ւ ոչ։
Քնած կապիտալից տոկոսներ ստանալն, իհարկե, վատ չէ, բայց միայն այն դեպքում, եթե այդ տոկոսը նույնպես գնա բնակարանային ֆոնդ։ Բայց ինչպե՞ս կարելի է դա ստուգել: Իսկ երբ ստուգելու միջոց չկա, կարելի է ենթադրել ամեն ինչ։
Ո՞վ է տնօրինում այն գումարները, որոնք ուղղվում են Արցախի ժողովրդին աջակցելու, մասնավորապես՝ բնակապահովման ծրագրին։ Հայաստանի իշխանությունն ամեն կերպ ցույց է տալիս, որ չի ճանաչում Արցախի պետական իշխանություններին։ Ինչ վերաբերում է Արցախի տեղական իշխանություններին, նրանց միակ գործառույթը՝ մեքենաների վաճառքի համար «զրոյական» վկայականներ տալը, նույնպես վերջերս չեղարկվել է։ Այսինքն՝ Արցախի ժողովուրդը զրկված է կոլեկտիվ ինքնակառավարումից, չունի իրավունքները միջազգային ու ազգային մակարդակում պաշտպանելու մանդատ։
Սա հանգեցնում է ոչ ստանդարտ լուծումների, ասենք, Լիաննա Պետրոսյան ֆենոմենի առաջացմանը։ Հադրութցի լրագրող-հասարակական գործիչը յուրօրինակ կապող օղակ է դարձել Արցախի ժողովրդի և Հայաստանի պետական կառույցների միջև։ Սակայն այս երեւույթը խոսում է օրգանիզմի մահացու հիվանդության մասին։
Օրերս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է «Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերող հումանիտար ճգնաժամերի կառավարման Աշխատանքային խմբի և Մարդասիրական կենտրոնի կողմից առաջնային արձագանքման կազմակերպման աշխատանքների մասին»։
Նա նաև ասաց, որ միջազգային համագործակցության շրջանակներում փոխվարչապետի գլխավորությամբ և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ ձևավորվել է փախստականների հիմնախնդիրների համակարգման հարթակ՝ զարգացման և հումանիտար գործընկերների մասնակցությամբ։ Այսքանը` Աշխատանքային խումբ և ինչ-որ հարթակ:
Տարօրինակ է, որ միջազգային կազմակերպությունները և արցախցիների կարիքների համար միջոցներ հատկացնող երկրները հաշվետվություններ և թափանցիկություն չեն պահանջում։ Ավելին, բոլոր հանդիպումների ժամանակ Փաշինյանը և ՀՀ կառավարության ներկայացուցիչներն ասում են, որ Արցախի ժողովրդի հումանիտար խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է միջազգային աջակցություն։ Բայց ի՞նչ աջակցություն առանց թափանցիկության և ներառականության:
Նաիրա Հայրումյան