Վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել հրադադարի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացումը

  • 22:07 22.06.2024

Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել նման մեխանիզմ:

«Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել հրադադարի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացման աշխատանքները»,- ասված է Կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:

Վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումների կողմից տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ, նշում է Կառավարությունը՝ շարունակելով. – «Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր այդ մեղադրանքները, Ադրբեջանը շարունակում է այդօրինակ տեղեկատվության տարածումը»:

«Ի շարունակություն Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ սույն թվականի հունիսի 15-ին արված հայտարարության և ելնելով նրանից, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել նշված մեխանիզմի գործնականացման աշխատանքները», – ասված է հաղորդագրությունում: