«Գեն» նախաձեռնությունների կենտրոնը արցախցիներին կոչ է անում առայժմ չօգտվել բնակապահովման ծրագրից

  • 11:57 23.06.2024

ՀՀ կառավարության՝ արցախցիների համար նախատեսված բնակապահովման աջակցության ծրագիրը տարբեր խնդիրներ է ստեղծում բռնի տեղահանված արցախցիների համար։ «Գեն» նախաձեռնությունների կենտրոնը, հաշվի առնելով վերոնշյալը, արցախցիներին կոչ է անում առայժմ չօգտվել բնակապահովման ծրագրից։

Կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանը step1.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ խնդիրներ են արձանագրել։

Առաջին խնդիրը ծրագրի շրջանակներում հատկացվող ֆինանսավորմանն է վերաբերում։ «Բավական փոքր գումարների մասին է խոսք գնում։ Ընդ որում, Երեւանում եւ հարակից մի քանի քաղաքային բնակավայրերում անշարժ գույք գնելու դեպքում մեկ անձի համար 3 մլն դրամ շեմն է սահմանված։ Շատ հաճախ նշում են, որ ծրագրով մեկ հոգու հաշվարկով 3-5 մլն դրամ է հատկացվում, բայց իրականում այդպես չէ, քանի որ հիպոթեքայի վարկերի մարման համար ընդամենը 2 մլն դրամ է հատկացվում։ Այսինքն՝ ովքեր ունեն հիպոթեքային վարկեր, ծրագրով 2 մլն դրամ է նախատեսված, որը շատ փոքր գումար է։

Հակառակը, այս ծրագիրը վարկային բեռի տակ է գցելու քաղաքացիներին։ Քանի որ հատկացվող գումարը շատ չնչին է, մարդիկ փորձելու են վարկային միջոցներ ներգրավել եւ լրացնել պակասող գումարը։ Բայց դեռ հայտնի չէ՝ բանկերն արցախցիներին կվարկավորեն, թե՞ ոչ։ Այստեղ մի լուրջ խնդիր կա՝ արցախցիների մի մասը բանկերի սեւ ցուցակներում են հայտնվել։ Այսինքն՝ բացասական վարկային պատմություն ունեն։ Խոսքը ոչ միայն ոսկու գրավով վարկերին է վերաբերում, այլ նաեւ անշարժ գույքի գրավադրմամբ վարկերին։

Կոնկրետ մեր ընտանիքի մասին էլ է խոսքը, մեզ դասակարգել են որպես բացասական վարկային պատմություն ունեցող։ 2020 թվականի պատերազմից հետո Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը մարդկանց կոչ արեց վերադառնալ Արցախ՝ նշելով, որ վարկերը ներվելու են։ Բայց դա իրականում արվել է խոշորների վարկերը, այսպես ասած, «ջրելու» համար, իսկ իրականում մոտ 15 հազար վարկառուի վարկային պատմություն փչացել է։ Այսինքն՝ պետությունն իր վրա է վերցրել բեռը, բայց չի կատարել մարումները։ Հիմա վարկային ռեգիստրում հազարավոր մարդկանց վարկային պատմություններ դիտարկվում են բացասական։

Որքան հասկանում ենք, բնակապահովման ծրագիրը կառավարությունը մտադիր է բանկային համակարգի միջոցով իրականացնել, այսինքն՝ այդ սերտիֆիկատները եթե տրամադրեն, ամսական մարումների տեսքով քաղաքացու փոխարեն կառավարությունը բանկում վճարումներ է կատարելու։ Բայց դրան զուգահեռ բանկը ռիսկը հաշվի է առնելու, վարկունակության գնահատում է անելու, ենթադրենք, եթե պետությունը չվճարի քաղաքացու փոխարեն, արդյոք տվյալ քաղաքացին վարկունա՞կ է»,- ասաց Արմինե Ավագիմյանը։

Մյուս խնդիրը ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պարտադիր դրույթն է։ Արմինե Ավագիմյանն ասաց՝ իրենք մշտադիտարկման միջոցով պարզել են, որ սա արցախցիների մեծ մասի համար անընդունելի դրույթ է։ «Մարդիկ հասկանում են, որ եթե մենք Արցախի քաղաքացիությունը փոխում ենք, որեւէ այլ երկրի քաղաքացիություն ենք վերցնում, դա մեր պատմական իրավունքներից հրաժարում է նշանակում։ Հետագայում գույքային իրավունքի պահանջ ներկայացնելու դեպքում մենք ո՛չ բնիկի, ո՛չ այնտեղ ծնվածի իրավունք չենք ունենա, ոչ էլ իրավունք կունենանք մշակութային ու հոգեւոր ժառանգության նկատմամբ։ Ստացվում է, որ լրիվ ջնջում են մեր անցյալը։ Հետեւաբար, մարդիկ բավական զգուշավորություն են ցուցաբերում քաղաքացիության մասով եւ ճիշտ են անում»,- հավելեց Ավագիմյանը։

Մյուս խնդիրն այն է, որ ՀՀ կառավարության կողմից ծրագրով հաստատված բնակավայրերի ցանկը մեծամասամբ ընդգրկում է սահմանամերձ բնակավայրերը։ Այնինչ, Արմինե Ավագիմյանը հիշեցնում է, որ միջազգային կոնվենցիաներով արգելված է, որ փախստական հանդիսացող անձանց բնակեցնեն սահմանամերձ եւ ռիսկային համարվող բնակավայրերում։

Մյուս խնդիրը մարզերում աշխատատեղերի բացակայությունն է, եթե անգամ արցախցիները մարզերում տներ ձեռք բերեն, հարց է ծագում՝ որտե՞ղ պետք է աշխատեն։ «Ենթադրենք տունը գնեցինք, բա ապրելու միջո՞ցը։ Ասում են՝ գյուղատնտեսությամբ զբաղվեք, բայց արդյոք բոլորը կարո՞ղ են գյուղատնտեսությամբ զբաղվել։ Ամբողջովին անտեսում են մարդկանց մասնագիտական հմտությունները։ Բացի նրանից, որ մարդիկ նոր միջավայրում նոր կյանք պետք է սկսեն, նաեւ վերաորակավորման ու աշխատատեղերի հարցն է ծագում։ Այդ պարտադրանքը կարելի է կիրառել միայն այն դեպքում, երբ վստահ ես, որ մարզերում կան համապատասխան ենթակառուցվածքներ ու աշխատատեղեր։ Մենք գիտենք, որ արտագնա աշխատանքի մեկնողները հիմնականում մարզերից են, քանի որ աշխատատեղեր չկան։ Նույնիսկ, եթե արցախցիները փորձեն գնալ արտագնա աշխատանքի՝ սահմանամերձ բնակավայրում բնակվող իրենց ընտանիքի ծախսը հոգալու համար, այստեղ էլ սահմանափակում կա՝ տարվա ընթացքում կես տարուց ավելի չես կարող բացակայել երկրից»,- ասաց նա։

Արմինե Ավագիմյանի խոսքով՝ այս ծրագրի պատճառով հավանաբար շատ արցախցիներ կարտագաղթեն։ «Ես հարյուրավոր ընտանիքներ գիտեմ, որոնք սպասում էին հենց այս բնակապահովման հարցի կարգավորմանը։ Հիմա, երբ տեսել են, որ ծրագիրն այս ձեւով է հաստատվել, մարդիկ հասկացել են, որ Հայաստանի կառավարությունը ձեռքերը լվանում է ոչ միայն Արցախի հարցից, այլ նաեւ արցախցիներից։ Դելիմիտացիայի գործընթացը երկար տարիներ տեւող գործընթաց կարող լինել, եւ սահմանամերձ բնակավայրերը ռիսկի տակ են լինելու։ Ի՞նչ երաշխիք կա, որ փախստականը սահմանամերձ բնակավայրում տուն ու տեղ կստեղծի, եւ դա դարձյալ չի անցնի Ադրբեջանին։ Այստեղ նաեւ կարեւոր հարց կա՝ մենք բազմիցս առաջարկել ենք, որ ցանկալի է, որպեսզի արցախցիները կոմպակտ համայնքով բնակեցվեն՝ մեր մշակույթի ու բարբառի պահպանման նպատակով։ Բայց այդ նրբությունը եւս հաշվի չի առնվում։ Արցախցիներին այսպես ցրված բնակեցնելը, ես չգիտեմ, հատուկ է արվում, թե ոչ, բայց խոչընդոտում է կոմպակտ բնակեցմանը»,- հավելեց Արմինե Ավագիմյանը։

Ռոզա Հովհաննիսյան

f