Կաթոլիկ, Հունական ուղղափառ և Հայկական եկեղեցիների առաջնորդները Իսրայելին մեղադրել են Երուսաղեմում քրիստոնյաների ներկայության վրա հարձակվելու մեջ

  • 16:33 24.06.2024
Քրիստոնեական խոշորագույն եկեղեցիների առաջնորդները իսրայելական իշխանություններին մեղադրել են երկրում քրիստոնյաների դեմ համակարգված հարձակման մեջ, որը դրսևորվել է հարկային վարույթ հարուցելով։ Տեղեկությունը հայտնում է «Associated Press» գործակալությունը` հղում անելով Երուսաղեմի հայոց պատրիարքության ու հունական ուղղափառ եկեղեցու հայտարարությանը։
Ըստ հայտարարության՝ այդ քայլը խաթարում է դարավոր ստատուս քվոն և արտացոլում է Սուրբ հողում քրիստոնյաների հանդեպ աճող անհանդուրժողականությունը։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուին ուղղված նամակում քրիստոնեական հիմնական դավանանքների ղեկավարները հայտարարել են, որ Իսրայելի 4 քաղաքապետարաններ (Թել Ավիվ, Ռամլա, Նազարեթ և Երուսաղեմ) վերջերս նամակներ են ուղարկել եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներին` նախազգուշացնելով հարկեր չվճարելու դեպքում դատական հետապնդման մասին։
«Մենք կարծում ենք, որ այդ ջանքերը համակարգված հարձակում են Սուրբ հողում քրիստոնեական ներկայության դեմ։ Այսօր, երբ ամբողջ աշխարհը և մասնավորապես քրիստոնյա աշխարհը մշտապես հետևում է Իսրայելում տեղի ունեցող իրադարձություններին, մենք կրկին բախվում ենք իշխանությունների` քրիստոնյաներին Սուրբ հողից դուրս մղելու փորձին»,– գրել են եկեղեցիների ղեկավարները:
Երուսաղեմի քաղաքապետարանից գործակալությանը հայտնել են, որ վերջին մի քանի տարիների ընթացքում եկեղեցիները հարկային արտոնությունների համար պահանջներ չեն ներկայացրել, և եկեղեցիների հետ երկխոսություն է ընթանում նրանց պատկանող կոմերցիոն անշարժ գույքի դիմաց պարտքերը գանձելու շուրջ։
f