«Թիին ՈՀԴ (1224) էր, ես Սակռ, որդի Վախթանգա, եղբայր Հասանա շինեցի զեկեղեցիս եւ ե/տու զորդի իմ զԳրիգորս սպասավոր, ու զիմ արկ/ած այգին ի ճաք իւր կատ/ապանովն իմ հոգոյս։ Ո/վ զայն խափանէ Յայ ի հաիրէ եւ յորդո եւ ի Սուրբ հոգ/ոյն եւ ։ՅԺԸ։ (318 ) Հայրապետ/այն անիծեալ եղիցի եւ իմ յանցանացն պարտա/կան․ որ ի տարումն ։Լ։ (30 ) Աւ/րեն ժամո պարտակա/ն եղիցի առ ԱԾ․ Ամէն»։
16 տողից բաղկացած սույն արձանագրությունը կրող քարը գտնվում է Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից մոտ 2.5 կմ հարավ-արեւմուտք՝ խոր անտառի մեջ գտնվող Կարմիր վանքի մուտքի մոտ։ Սկզբնապես այն գտնվում էր եկեղեցու հյուսիսային պատի արևելյան կողմում, սակայն հիմա ընկած է։ Արձանագրության համաձայն՝ Վախթանգի որդի Սակռն է կառուցել եկեղեցին 1224 թվականին։ Հայտնի է, որ Արցախի Վերին Խաչենի ճյուղը կոչվում էր Սակռյանց, որը Ներքին Խաչենի ճյուղից հատվածվել է Սակռ նախնուց: Վերջինիս ժառանգորդներից էր Ծարի իշխանազուն Վախտանգը, որն ըստ պատմական աղբյուրների ունեցել է երեք որդի՝ Հասան, Հովհաննես եւ Սակռ։ Նրանց մասին տեղեկություններ են պահպանվել ոչ միայն Կարմիր վանքի, այլև Խաթրավանքի վիմական արձանագրություններում, ինչպես նաեւ` «Հին Վաղուհաս» գյուղատեղիի մի խաչքարի վրա: Հասանը Ծարի կամ Ներքին Խաչենի գահերեց իշխանն էր, Դոփի ամուսինը։
Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, նրան արեւմուտքից կից գավթից, մատուռից, այլեւայլ ներկայումս ավերակված շինություններից, ինչպես նաեւ արձանագիր ու անարձանագիր խաչքարերից ու տապանաքարերից:
Վախթանգի որդի Սակռի տապանաքարն այսօր գտնվում է եկեղեցու գավթում՝ տեղաշարժված, որի վրա կարդում ենք․ «Այս է հանգիստ բարէպաշտ պատրոնին Սակռի զոր տացե ՔՍ սմայ զարքաութ երկնից․ Ամէն»։
Նույն Կարմիր վանքի հարավային պատի վրայի 1259 թ. արձանագրության մեջ հիշատակվում է նաեւ Սակռի որդի Տեր Գրիգորիսը, ով 1224թ. արձանագրության մեջ հանդես էր գալիս որպես վանքի սպասավոր, իսկ 1281 թ. մեկ այլ արձանագրության մեջ՝ որպես վանքի եկեղեցու վերաշինող. Ես Գրիգորիս, որդի Սակռի, վերստին շինեցի զեկեղեցիս ի թուիս ։ ՉԼ։ (1281թ.):
Վանական համալիրի բազմաթիվ արձանագրությունները գրեթե բոլորն ընթերցված ու հրապարակված են։
Լուսանկարներից պարզ երևում է, որ արձանագրություններն առնվազը վերջին 30 տարում չեն գրվել ու ոչ էլ մշակված են քացախաջրերով ու քիմիական տարատեսակ նյութերով, ինչպես որ ներկայացնում են հարևան երկրի գիտունիկները։
Հիմա մի հռետորական հարց․ Վաղուհասը համարվու՞մ է հայ իշխանի տարածք և արդյո՞ք այս արձանագիր քար-փաստը կարելի է համարել կադաստրի «թուղթ», թե՞ միևնույն է Արցախը Ադրբեջան է։
Արմինե Հայրապետյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: