Ունենալու ենք այնպիսի իշխանություն, որն Արցախը գնահատելու է որպես արժեք, այլ ոչ թե որպես բեռ

  • 20:27 24.06.2024

Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը։

-Պարո՛ն Գալստյան, Արցախի Ազգային ժողովն ի՞նչ գործունեություն է ծավալում այսօր, գործո՞ւմ է, պատասխանատվություն զգո՞ւմ է արցախցիների նկատմամբ։

-Իհարկե՛, Արցախի Ազգային ժողովը գործում է՝ համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության։ Արցախի Ազգային ժողովը գործում է՝ անկախ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող ոտնձգությունների։ Արցախի պատգամավորները, ինչպես նաեւ ողջ հայ ազգը չպետք է թույլ տան օրվա իշխանություններին՝ հայկական երկրորդ հանրապետության օրենսդիր կամ գործադիր իշխանության, նախագահի նկատմամբ իրականացնել այն ոտնձգությունները, որոնք մենք տեսանք հունիսի 21-ին։

Մենք տարբեր հարցերի շուրջ քննարկումներ ենք ծավալում, հանդես ենք գալիս թե՛ օրենքների փոփոխությամբ, թե՛ հայտարարություններով։ Օրինակ կարող եմ բերել վերջերս կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ կատարված օրենսդրական փոփոխությունը, որը Հայաստանի այսօրվա իշխանությունները փորձում են անտեսել՝ դրանով ոտնահարելով հենց ՀՀ Սահմանադրությունը։ Բոլորս գիտենք, որ Արցախում կուտակային կենսաթոշակների մասին օրենքը փոփոփոխության է ենթարկվել եւ թույլ է տալիս, որ մարդիկ ժամկետից շուտ ստանան այդ գումարները։ Խոսքն ավելի քան 34 հազար շահառուի եւ մոտ 17 մլրդ դրամի մասին է։ Բայց ՀՀ օրվա իշխանությունները փորձում են այդ գումարները չտրամադրել արցախցիներին, այն դեպքում, երբ բոլորս գիտենք, թե արցախահայությունն  այսօր սոցիալական ինչ վիճակում է գտնվում։ Յուրաքանչյուր ընտանիք ունի այդ գումարների կարիքը։

Այսինքն՝ Հայաստանի իշխանություններն արցախցիներին չեն ճանաչում որպես ՀՀ քաղաքացի, բայց իրենց իրավունք են վերապահում տնօրինել արցախցիների կենսաթոշակային գումարները եւ դրանք տեղափոխում են հայաստանյան ֆոնդեր։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Սա խոսում է այն մասին, որ այդ մարդիկ անօրինական գործողությունները շարունակում են։ Որեւէ օրենսդրությամբ չեն կարող արցախցիների գումարներն առանց արցախցիների համաձայնության որեւէ տեղ փոխանցել։ Եվ հակասահմանադրական օրենսդրական փոփոխություններ են արել, իրենց քայլը հակասահմանադրական է։ ՀՀ կառավարության այդ օրենքը չի կարող փոխարինել այն օրենքին, որի համաձայն մենք վճարել ենք եւ իրավունք ունենք հետ ստանալ մեր գումարները։ Դա մարդու իրավունքների ոտնահարում է։

-Բացի սոցիալական եւ ֆինանսական հարցերից, Արցախի ԱԺ-ն այլ հարցերի շուրջ քննարկումներ անո՞ւմ է, օրինակ՝ արցախցիների հավաքական իրավունքի, Արցախի կարգավիճակի շուրջ քաղաքական քննարկումներ կա՞ն։

– Այսօր Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել՝ գնահատական տալով հունիսի 21-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպին։

-Արցախցիների խնդիրները գույքագրո՞ւմ եք, մտադի՞ր եք ներկայացնել միջազգային կառույցներին։

-Այդ աշխատանքը շարունակական է։ Իզուր չէ, որ Ազգային ժողովի կողմից ստեղծվել է հանձնախումբ, որն արցախցիների խնդիրները ներկայացնում է միջազգային հարթակներում։ Բոլորդ տեղյակ եք այդ հանձնախմբի մասին, որը ղեկավարում է Վարդան Օսկանյանը։ Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ պարբերաբար քննարկվում է, թե ինչ քայլեր պետք է արվեն։ Եվ այդ ամենը խոսում է այն մասին, որ, այո՛, Արցախի Ազգային ժողովը կա, շարունակում է իր գործունեությունը։ Ճիշտ է, հասարակական հիմունքներով ենք գործում, բայց ժողովրդից ստացած վստահությունը մենք չենք կարող շրջանցել։ Այն գործողությունները, որոնք կատարվում են Ազգային ժողովի կողմից, ուղղված են հենց Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բարեկեցությանը, Արցախի հարցը արթուն պահելուն։ Այդ իշխանությունները հավերժ չեն, գալու է ժամանակ, որ մենք ունենալու ենք այնպիսի իշխանություն, որն Արցախը գնահատելու է որպես արժեք, այլ ոչ թե որպես բեռ։

-Ձեզ ի՞նչ խնդիրներով են հիմնականում դիմում արցախցիները։

-Տարբեր խնդիրներով դիմում են։ Այսօր նաեւ հարցնում են՝ ընդունե՞լ Հայաստանի քաղաքացիություն, թե՞ ոչ։ Ինչ-որ տեղ մեղադրական հարցեր են հնչում նաեւ մեր հասցեին, թե ինչո՞ւ չենք բարձրաձայնում, ինչո՞ւ չենք դժգոհում այս իշխանության դեմ, որոնք այնպիսի սոցիալական ծրագրեր են իրականացնում, որոնք միտված չեն մեր բարեկեցությանը։ Հակառակը, այդ ծրագրերը արտագաղթի ծրագրեր են։ Ես կարծում եմ՝ ժամանակը գալու է, այդ բոլոր հարցերը բարձրաձայնվելու են, եւ այս իշխանություններն իրենց ոչ հայանպաստ քայլերի համար օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության են ենթարկվելու։

-Դուք ի՞նչ եք խորհուրդ տալիս արցախցիներին՝ բնակապահովման ծրագրից օգտվելու համար արժե՞ ՀՀ քաղաքացիութուն ձեռք բերել, թե՞ ոչ։

-Ես անձամբ ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել։ Մենք ի սկզբանե ունենք ՀՀ անձնագրեր, եւ սրանք արհեստական խնդիրներ ու խոչընդոտներ են, որոնք ստեղծվում են այս իշխանությունների կողմից։ Յուրաքնաչյուրն ինքը պետք է որոշում կայացնի։ Եթե մարդիկ այսօր սոցիալական խնդիրների են առնչվում, երբ պարտադրում են քաղաքացիություն ստանալ, որպեսզի աշխատանքի ընդունվեն, դա այլ հարց է, անհատական որոշումներ պետք է կայացվեն։

Ռոզա Հովհաննիսյան

f