Առաջին հացն ու մածունը․ մնացել է միայն հիշողությունը

  • 21:13 24.06.2024

Շրջափակումը փոխել էր բոլորիս կյանքը, մենք հայտնվել էինք այն իրավիճակում, որը նույնիսկ չէինք պատկերացնում:

Շրջափակման ժամանակ Ռուզանը 21 տարեկան էր, Նախիջևանիկից է, սովորում և աշխատում էր Ստեփանակերտում: Շրջափակման ժամանակ ծնողները գյուղում էին, նրանց հանդիպումները հազվադեպ էին վառելիքի բացակայության պատճառով, իսկ շրջափակման վերջին ամիսներին՝ նույնիսկ անհնարին:

Ռուզանը պատմում է, որ չնայած գյուղում է ծնվել, մեծացել, 3 ավագ եղբայրներից հետո միակ աղջիկն էր, բայց գյուղի գործերից հեռու էր․ «‎Ընդհանրապես գյուղի գործերից հեռու եմ եղել, հիմնականում ընդգրկված էի գյուղի մշակութային, կրթական կյանքին: Եվ առհասարակ վերջին տասը տարիների ընթացքում, երբ մամայի առողջությունը վատթարացավ, հացը արդեն գնում էինք»:

Շրջափակման ժամանակ Ռուզանի հայրիկը մի կերպ ծանոթների միջոցով օգոստոսին ալյուր էր հասցրել Ստեփանակերտ, Ռուզանի, եղբոր և հարսիկի համար, ով այդ ժամանակ հղի էր:

«Պապայիս ուղարկած վերջին ալյուրն էր, մաքուր ցորենով, նրա ձեռքերով ստացված ալյուրը: Այդ ժամանակ եղբորս կինը հղի էր, ամենացավալին դա էր, երբ ուտելիք չկար գրեթե, թեկուզ մենք գոնե ինչ-որ բաներ գյուղից կարողանում էինք հայթայթել»:

Շրջափակումը, հացի և կաթնամթերքի պակասը ստիպել էին Ռուզանին բարձրացնել թևերը և գործի անցնել` հաց թխել և մածուն մերել:

«Իրականում չէի պատկերացնում, որ կստացվի, ես նույնիսկ այնքան ոգևորված էի, որ նկարել եմ ու մինչև հիմա պահում եմ: Իրականում այդ ամենը միշտ հարսիկս էր անում, բայց սեպտեմբերին նա արդեն հիվանդանոցում էր՝ զարմուհիս պետք է ծնվեր, իսկ ես պետք է ինչ-որ բան անեի, որ ուտելիք ուղարկեի նրան: Այդպես ես հաց թխեցի, մածուն մերեցի: Հաց թխելու պահով չէի վախենում, վստահ էի, որ կստացվի, բայց այ մածունի պահով ահավոր վախենում էի, մտածում էի այս սուղ պայմաններում բա որ չստացվի՞: Ամեն կես ժամ մեկ բացում նայում էի ու լացս գալիս էր՝ Աստված չանի, մածունս փչացնեի»:

Սեպտեմբերին Ռուզանը վերջին անգամ իր ծննդավայրի ցորենից հաց թխեց, կաթից մածուն մերեց, և հիմա միակ հուշը  հեռախոսի մեջ պահպանված լուսանկարն է:

Քրիստինա Ալավերդյան

f