Դաղստանից հետո Էրդողանը զանգել է Պուտինին. որտե՞ղ մնացին 25 միլիոն մահմեդականները

  • 16:43 25.06.2024

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները։

Կրեմլի փոխանցմամբ՝ Ռեջեփ Էրդողանը խստորեն դատապարտել է Դաղստանում ահաբեկիչների հանցավոր հարձակումը, համերաշխություն հայտնել ռուս ժողովրդին, անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին։

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ցավակցությունների և ցուցաբերած աջակցության համար, փոխանցում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը՝ հավելելով, որ Թուրքիայի ու Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են շարունակել գործողությունների սերտ համակարգումը հակաահաբեկչական գոտում։

Հաղորդագրության համաձայն՝ նախագահներ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են շփումները շարունակել հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարին Էրդողանի խորհրդականն ասել էր. «Մենք նախկինում 16 անգամ կռվել ենք Ռուսաստանի հետ և նորից ենք դա անելու»: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունում ապրում է 25 միլիոն մահմեդական։ «Ռուսաստանը ներսից մասնատվելու է. Մեր վրեժը սարսափելի է լինելու»,- զգուշացրել է նա։