«Դե փաստորեն հիմա այդպես է։ ՀՀ իշխանությունը ասել է՝ չպետք է գործեք, Արցախի իշխանությունների կողմից որեւէ գործառույթ տեղի չի ունեցել»

  • 19:22 25.06.2024

Արցախի Ազգային ժողովը երկու ուղղությամբ կարող է աշխատանք իրականացնել այս փուլում՝ իրավական եւ քաղաքական։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Արցախի Ազգային ժողովն իրականացնո՞ւմ է արցախցիների նկատմամբ իր պարտականությունները։

«Ազգային ժողովն այս պահի դրությամբ երկու խնդիր ունի լուծելու, մեկը իրավական ոլորտն է։ Այսինքն՝ տարբեր քաղաքացիների իրավական ուղղություն կարող է տալ, եթե մարդիկ ինչ-որ հարցերով դիմում են Ազգային ժողով, փորձեն այդ հարցերը խմբավորել եւ բարձրացնել։ Երկրորդ ուղղությունը քաղաքականն է։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ քաղաքական արձագանքներ չեն լինում, Ազգային ժողովի անունից հայտարարություններ չեն լինում։ Առանձին խմբակցությունների անունից հայտարարություններ լինում են այն ժամանակ, երբ կոնկրետ ինչ-որ շահերի բախում է տեղի ունենում»,- ասաց Արամայիս Աղաբեկյանը։

Հարցին՝ եթե Հայաստանի իշխանություններն ասում են, որ Արցախի պետական ինստիտուտները չպետք է գործեն, դա նշանակում է, որ Արցախի իշխանությունները չպե՞տք է իրենց աշխատանքը կատարեն, Արամայիս Աղաբեկյանը պատասխանեց․ «Դե փաստորեն հիմա այդպես է։ ՀՀ իշխանությունը մինչեւ այս պահն ասել է՝ չպետք է գործեք, Արցախի իշխանությունների կողմից որեւէ գործառույթ տեղի չի ունեցել»։

Արամայիս Աղաբեկյանը նշեց, որ ինքը՝ որպես անկախ պատգամավոր, մշտապես կապի մեջ է իր ընտրողների հետ։ «Ես քաղաքացիների հետ կապ եմ պահում, ինչ-որ խնդիրներ են ասում, այդ խնդիրներով փորձում եմ կապ հաստատել, տեղեկատվական առումով եմ աջակցում, ինչով կարող եմ, սոցցանցի իմ էջում քաղաքական արձագանքներ եմ տալիս»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան