Միջազգային ներկայություն․ Բաքվում սպասվող դատավարություններին պետք է ապահովի կառավարությունը

  • 11:11 26.06.2024

«Բաքվում Արցախի նախկին նախագահների, մյուս բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունների գերնպատակը լինելու է ադրբեջանական թեզերի վերահաստատումը»,- կարծում է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Դատավարությունները շինծու են, դրանք բեմականացված են լինելու», – «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Եվրոպական դատարանում հայ գերիներին ներկայացնող Սիրանուշ Սահակյանը ակնկալիք չունի, որ ադրբեջանական դատարանում հնարավոր կլինի ապահովել Արցախի նախկին պաշտոնյաների շահերի պաշտպանությունը։

«Մեծ սպասումներ չենք կարող ունենալ՝ նկատի ունենալով, որ Ադրբեջանի դատական համակարգը ամբողջովին կախյալ է, նրանք ունեն մեծաթիվ քաղբանտարկյալներ։ Այնտեղ հետապնդումներ են իրականացվում լրագրողների, անգամ իրավաբանական օգնություն ցուցաբերող փաստաբանների նկատմամբ», – նկատեց Սիրանուշ Սահակյանը։

Իրավապաշտպանի կարծիքով՝ հայկական կողմը պետք է ջանքեր գործադրի այս դատավարություններում միջազգային կառույցների ներկայությունն ապահովելու համար, որ հնարավոր լինեն դատական գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունը. – «Միակ հնարավորությունը միջազգային դատական և ոչ դատական ատյանների ներգրավմամբ այդ ակտերի լեգիտիմությունը վիճարկելն է, դրանք չեզոքացնելն է և միջազգայնորեն չճանաչելն է»։

Միջազգային ներկայությունն ապահովելու հարցում միջազգային գործընկերների հետ կարող են աշխատել հասարակական կազմակերպությունները, բայց դիվանագիտական ուղիներով կառավարությունը պետք է աշխատի, ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիները զրկված են հյուպատոսական այցելություններից, շեշտում է իրավապաշտպանը։

«Հայկական կողմի թերացումը համարում եմ այն, որ այնտեղ ապօրինաբար պահվող հայերի խնդիրը ինքնուրույն չի դառնում դիվանագիտական, քաղաքական քննարկումների առարկա, և այն ունի ածանցվող բնույթ», – ասաց նա։

Ըստ Սահակյանի՝ գերիների վերադարձի տեղաշարժ չկա այս փուլում, նախկին պաշտոնյաների առումով սակարկման գինն ավելի բարձր է, նրա կարծիքով՝ քանի դեռ Ադրբեջանն իր ցանկալի տրամաբանությամբ չի ավարտել հայ -ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ազատ չի արձակվի։

f