Զախարովան Գրիգորյանին «քարտուղարուհի» է անվանել, սակայն չի ասել, թե ով է հանձնել Արցախը

  • 19:43 26.06.2024

«Ես կարծում եմ, որ կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել՝ չունենալով բժշկական կրթություն»։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին։

«Դուք հիմա լուրջ կարդո՞ւմ եք թղթից։ Նա նման բան է հայտարարե՞լ։ Ո՞ր թվականին  է դա տեղի ունեցել։ Ինչպե՞ս է կոչվում այդ մարդը։ Ցանկանում եմ վերադարձնել այն թեզը, որը  մտածվել էր այն կողմից. գուցե խոսքը մի ինչ-որ քարտուղարուհու մասին է։

Ես կարծում եմ, որ կան բաներ, որոնք անհնար է մեկնաբանել՝ բժշկական կրթություն չունենալով։ Հնարավորություն չունեմ ինչ-որ հմտություններ կիրառել այս ոլորտում։ Բայց այլ կերպ սրան վերաբերվել անհնար է»,- արձագանքել է Զախարովան՝ հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան։

Նա այնուամենայնիվ մեկնաբանել է։

«Որպես իշխանության ներկայացուցիչներ՝ նման գործիչները ստորացնում են սեփական ժողովրդին։ Հայաստանի քաղաքացիները պաշտպանեցին իրենց տարածքը, տվեցին իրենց կյանքը և սա համարեցին պատմական կարևորություն։ Հայաստանի՝ որպես պետության գաղափարախոսությունը երկար տարիներ կառուցվել է հենց այս թեզերի վրա։ Նրանք գիտեին, թե ինչու են գնում մարտի, ինչու են զոհաբերում իրենց բարեկեցությունը, իրենց կանանց ու երեխաներին դատապարտում այրիության ու որբության։

Եվ ինչպես կարելի է նրանց հիշատակը դավաճանել այդքան ցինիկ կերպով՝ զրոյացնել այն, ինչ նախկինում և, կարծում եմ, հիմա Հայաստանում սխրագործություն էին անվանում»,- ասել է Զախարովան։

ԱԳՆ խոսնակը խոսել է «ժամանակավոր կառավարողների մասին, որոնք ակնհայտորեն սնվում են դրսից» և վիրավորում են իրենց ժողովրդին։

Զախարովան այդպես էլ չի ասել, թե ով է հանձնել Արցախը, ինչպես 2020 թվականին ռուսական զորքերը հայտնվեցին Արցախում, ինչ արեցին նրանք 3 տարի և ինչու լքեցին այս տարածքները բնիկ բնակչության տեղահանությունից վեց ամիս հետո միայն։ Զախարովան չի պատմել նաև, թե ինչու Ռուսաստանը զինաթափեց արցախցիներին, ուր գնաց Արցախի պաշտպանության բանակի միլիարդավոր դոլարների զենքերը, և ինչ էին «խաղաղապահները» Արցախից դուրս բերում «տեխնիկայի վերանորոգման» պատրվակով։

f