Փորձերը՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը փոխարինել ուրիշ ձեւաչափերով կամ մեխանիզմներով, միայն կարող են վատթարացնել իրավիճակը։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով իշխանությունների այն հայտարարությանը, թե Ադրբեջանին առաջարկել են համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծել։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողներին ասել է, որ Բաքուն մինչ օրս չի արձագանքել Նիկոլ Փաշինյանի՝ համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկին։ «Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ–ն պարբերաբար հաղորդագրությունների է տարածում, թե հայկական ԶՈւ–ն խախտում է հրադադարի ռեժիմը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է այս լուրերը։ Հայաստանին, բնականաբար, անհանգստացնում են նման հաղորդագրությունները։ Ադրբեջանին առաջարկել ենք, որպեսզի համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծենք համապատասխան գերատեսչությունների միջև, դա կարող է լինել քննչական կոմիտեն կամ այլ մարմին»,- ասել է Արմեն Գրիգորյանը։
Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունը պարբերաբար նման առաջարկներով է հանդես գալիս, որը որպես կանոն մնում է անհետեւանք։
«Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանի տարածքում կատարում է իր աշխատանքը, պատրաստում է իր զեկույցները, բայց ըստ երույթին ադրբեջանական կողմն անտեսում է դա։ Եվ հիմա հավանաբար դա առիթ դարձավ նման առաջարկով հանդես գալու։ Դա իր տակ ունի՞ ենթատեքստ՝ ուղղված միջազգային այդ առաքելության դեմ, այսինքն՝ փոխարինել այդ առաքելությունն այլ մեխանիզմով, թե՞ ենթադրում է համադրել, դժվար է հիմա ասել, որովհետեւ տեղեկությունը շատ քիչ է: Բոլոր դեպքերում խնդիրը, որ Ադրբեջանը չի ճանաչում ԵՄ դիտորդական առաքելությունը, կարծես թե պահպանվում է»,- ասաց նա։
Քաղաքագետը հավելեց, որ ստեղծված իրավիճակում այս կառավարության դեպքում լուծում չի տեսնում։ «Հասկանալի է, որ Ադրբեջանը ցանկություն չունի խաղաղության գնալու, եւ այդ ամբողջ խոսույթը, որը ներկայացնում են մեր հանրությանը, թե իբր մենք խաղաղության պայմանագիր կնքելուց 5 պակաս վիճակում ենք, իրականությանը չի համապատասխանում։ Իսկ հետո իրենց գցում են պատեպատ, փորձում են ինչ-որ նախաձեռնությամբ հանդես գալ, բայց դա արդյունք չի տա։ Հայաստանի համար կարեւոր է, որ ՀՀ տարածքում գոյություն ունի ԵՄ միջնորդական առաքելություն, ուստի, Ադրբեջանի մեղադրանքները Հայաստանի դեմ միջազգային էական հետեւանքներ չեն կարող ունենալ։ Մեզ համար կարեւոր է, որ գործի ու աշխատի անկախ դիտորդական առաքելությունը, նույնիսկ առանց Ադրբեջանի կողմից ճանաչվելու։ ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր զսպող քաղաքական մեծ նշանակություն ունի Ադրբեջանի համար։ Փորձերը՝ դա փոխարինել ուրիշ ձեւաչափերով կամ մեխանիզմներով, միայն կարող են վատթարացնել իրավիճակը»,- հավելեց Ղուկասյանը։
Ռոզա Հովհաննիսյան