ԵԽԽՎ-ն ճանաչում է Հայաստանը 1989 թ․ սահմաններո՞ւմ․ բանաձեւ

  • 10:31 27.06.2024

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Վեհաժողովը լիակատար աջակցություն է հայտնել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա հիմնված խաղաղ գործընթացին։

Արցախի խնդրի հետ կապված բոլոր միջազգային կառույցները 2020 թ․ պատերազմից որոշ ժամանակ հետո իրենց բանաձեւերում դադարել են հիշատակել “ինքնորոշման” սկզբունքը եւ չեն դատապարտում “ուժի կիրառումը” Բաքվի կողմից։ Դա կարող է խտրական թվալ Արցախի ժողովրդի հանդեպ, սակայն իրավական իրողություններն այլ բան են վկայում։ “Ուժի կիրառումը” եւ Արցախի անկախության “լուծարումը” բերել է Արցախի եւ ամբողջ հայ ժողովրդի իրական “ինքնորոշման” բյուրեղացմանը։ Իսկ հայ ժողովուրդը 1988-ից միայն մեկ ինքնորոշման նպատակ ուներ՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորում, ինչը եւ կատարեց 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշմամբ։ Նպատակը պահպանվում էր նույնիսկ անկախության շրջանում։

Հիմա, երբ Արցախը դատարկված է եւ օկուպացված, Բաքուն բացահայտ ասում է, որ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Արցախը եւ Հայաստանը միավորված են։ Նրանք պահանջում են հրաժարվել 1989 թ․ որոշումից, որը հայ ժողովրդի ինքնորոշման բարձրագույն արտահայտությունն էր։

ՀՀ քաղաքական կուսակցությունները միտումնավոր չեն հիշատակում այդ որոշումը, բայց եւ չեն կարող այն չեղարկել, քանի որ այն երկու ստորագրող ունի՝ ՀՀ եւ ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանի պատգամավորները։

Միացումի մասին որոշումից՝ որպես համաստորագրող կողմ պետք է հրաժարվեր Արցախի Ազգային ժողովը 2023-ի ամռանը, եւ հենց այդ մասին պետք է լինեին բանակցությունները Սոֆիայում, որի մասին Փաշինյանն ասել է՝ “ես ձեւը ցույց եմ տվել, նրանք հրաժարվել են”։ Արցախի Ազգային ժողովը կհրաժարվեր, հետո էլ ՀՀ Ազգային ժողովը, եւ 1989 թ․ բարձրագույն ուժ ունեցող որոշումը կչեղարկվեր։

Բայց ինչ-ինչ պատճառներից ելնելով Արցախի ԱԺ-ն դա չարեց, չհրաժարվելով ինքնորոշումից, եւ հիմա այդ որոշումը չեղարկելու համար Հայաստանը եւս պետք է “լուծարվի”։

Ո՞ր սահմաններում է ԵԽԽՎ-ն ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ 1989 թ․ սահմաններո՞ւմ, այսինքն ներառյալ ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ը, այլեւ Շահումյանի շրջանը։

Նաիրա Հայրումյան