«Ես չեմ կարող ասել, որ մենք տեսնում ենք դրական արձագանք Ադրբեջանից այս առաջարկին՝ ստորագրել խաղաղության համաձայնագիրը մեկ ամսում», այսօր Տալլինում, Էստոնիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Թեև Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, Բաքուն նոր թեմաներ է առաջ քաշում՝ պահանջելով Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։
ՀՀ ԱԳՆ-ը չի ասում, ուժի մե՞ջ է համարում 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշումը, որով Արցախն ու Հայաստանը միասնական պետություն են հռչակել։ 1990 թ․ ՀՀ խորհրդարանում ընդգրկված էին նաեւ պատգամավորներ ԼՂԻՄ-ից եւ Շահումյանի շրջանից։ Ներկայիս իրավիճակում ՀՀ իշխանությունները չեն ճանաչում Արցախի խորհրդարանը։ Միեւնույն ժամանակ, ո՛չ իշխանությունները, ո՛չ “ընդդիմությունը” չեն պնդում, որ 1989 թ․ որոշումը գործում է եւ ՀՀ խորհրդարանում պետք է ընդգրկվեն նաեւ պատգամավորներ Արցախից։