«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հուլիսի 3-ին պատրաստվում է հանդիպման հրավիրել քաղաքական դաշտի բոլոր ուժերին: Այս մասին Բագրատ սրբազանը հայտարարել է Սուրբ Աննա եկեղեցու բակում:
Ավելի վաղ Բագրատ սրբազանն ասել է, որ նպատակը՝ շատ մարդ հավաքելը չէ։ «Այս շարժումը ծնվել է մեր հայրենիքը կտոր կտոր անելը թույլ չտալու գաղափարից», – ասել է նա:
Փաշինյանի կառավարությունը արդեն հռչակել է, որ շարժումը մարել է․ նույնիսկ դատարաններն են հանկարծ «բարիացել» եւ սկսել հանրահավաքների ժամանակ անհիմն ձերբակալված մարդկանց ազատ արձակել։ «Արդար վճիռների» տարափ է պարզապես։
Ինչո՞ւ հանկարծ այդպես ստացվեց։ Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի քաղաքական դասը, այդ թվում Սրբազան շարժումը, մեկ իրականության մեջ է, իսկ իրական գործընթացները՝ այլ։ Ավելի ճիշտ, քաղաքական դասը փորձում է խնամքով թաքցնել իրողությունները, որ հանկարծ “չխանգարի”։
Իսկ իրական գործընթացները բոլորիս աչքի առաջ են․ աշխարհը ստիպում է Հայաստանին «խաղաղության պայմանագիր» կնքել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, հրաժարվել ազգային շահերից եւ իրավունքներից, պարզապես լուծարվել։ Սակայն, ինչպես ասում է Բաքուն, դա անհնարին է, քանի կա Հայաստանի Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը եւ 1989 թ․ դեկտեմբերի 1-ի Հայաստանի եւ Արցախի միավորման մասին որոշումը։
Այդ անհնարության հարցը քննարկվում է աշխարհի կենտրոններում որպես Հայաստանի գոյության անհաղթահարելի իրավական հիմք, եւ միայն Հայաստանում այն չի քննարկվում։ Իշխանությունը, պարզ է, չի անելու, քանի որ դա հակասում է Հայաստանը խաչմերուկի եւ проходной двор-ի վերածելու կուրսին, իսկ Սրբազան շարժո՞ւմը։ Մինչ ե՞րբ են ձեւացնելու, որ չեն նկատում այդ պարզ իրողությունը։ Մինչեւ ե՞րբ են շրջանցելու գլխավոր հարցը, որը հիմա միջազգային քննարկումների առանցքն է։ Գործո՞ւմ է 1989 թ․ որոշումը, Հայաստանի Սահմանադրությունն ընդունո՞ւմ են որպես իմպերատիվ։ Դա միայն Հայաստանի հարցը չէ․ ցանկացած որոշում նախադեպ է դառնալու։
Քանի այդ առանցքային հարցը տաբուի տակ է, տապալվելու է եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը․ նրանք չեն ճանաչում Հայաստանի իրավատիրությունը, որը ճանաչում են նույնիսկ Բաքվում։