Ֆինանսաբանկային ոլորտի մասնագետ Կարեն Հովսեփյանը step1.am–ի հետ զրույցում անդրադարձել է խնդիրներին, որոնք առկա են ՀՀ կառավարության՝ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրում։
Ըստ մասնագետի՝ հաշվի առնելով, որ մարզերում աշխատատեղերի խնդիր կա, արցախցիների մոտ 80 տոկոսը ստիպված են բնակություն հաստատել Երեւանում կամ երեւանամերձ բնակավայրերում։ «Իսկ այդ բնակավայրերում կառավարության տված գումարներով հնարավոր չէ իրենց սահմանած քմ-ն բավարարել։ Ենթադրենք, ընտանիքը բաղկացած է 5 անդամից, ծրագրի շրջանակներում այդ ընտանիքին հասնում է 15 մլն դրամ։ Կառավարությունը ստիպում է, որ 5 հոգանոց ընտանիքը 60 քմ-ից ավելի տարածքով բնակարան գնի։ Իսկ 70 քմ-ոց բնակարան գնելու համար մեծ գումար է պետք։ Չեմ խոսում Երեւանի մասին, կլինի Աբովյանում, Աշտարակում, թե Էջմիածնում, մեկ քմ-ն 1000 դոլարից պակաս բնակարան չկա։ Ունենք նաեւ 3 հոգանոց, 4 հոգանոց ընտանիքներ, որոնք շատ ավելի դժվարին վիճակում են հայտնվել։
Ես ինքս, լինելով բանկային ոլորտի մասնագետ, կարող եմ ասել, որ արցախցիների շատ քիչ տոկոսի մոտ կա գումար, որպեսզի ավելացնեն, իրենց ուզած բնակարանը գնեն, իսկ բանկերից վարկ վերցնելը մեկ այլ խնդիր է, որովհետեւ 5 հոգանոց ընտանիքի համար բանկը մեկ շնչի համար 50-60 հազար դրամ կենսապահովման գումար է հաշվարկում, այսինքն՝ մոտ 400 հազար հաշվում են 5 հոգանոց ընտանիքի ծախսը, ասում է՝ եթե դրանից ավելի գումար ունենաս, կկարողանանք վարկավորել։ Խոսքը գնում է ամսական 600-700 հազար դրամ եկամտի մասին, բայց ո՞ր արցախցի ընտանիքն այսօր Հայաստանում 600-700 հազար դրամ աշխատավարձ ունի, այն էլ գրանցված»,- ասաց Կարեն Հովսեփյանը։
Նրա խոսքով՝ տպավորություն է, որ դրսից դոնորներից գումարներ ներգրավելու համար է ՀՀ կառավարությունն այս ծրագիրն իրականացնում․ «Բյուջեում այդ գումարը չկա, այնպես չէ, որ այդ գումարը պետությունից է գանձվելու, իրենք դոնորների միջոցով են փորձելու այս հարցը կարգավորել։ Բայց իրականում դա կարգավորել չէ, խնդիրը գլոբալ է, այսպես չի լուծվի։ Կարող է մարդկանց 5-10 տոկոսը, որոնք գյուղատնտեսության հետ սեր ունեն, համաձայնեն գնալ սահմանամերձ բնակավայրերում տներ գնել, բայց հիմնական մասը երեւանամերձ տարածքներում կփորձեն տեղավորվել, որովհետեւ աշխատանքի խնդիր կա, իսկ մարդու համար ամենակարեւորը աշխատանքն է, հետո նոր կացարանը»։
Մասնագետի խոսքով՝ այս ծրագրի պատճառով արտագաղթի տեմպերը կարող են աճել։ «Այս ծրագիրը որոշ չափով հուսադրող է եղել, մարդիկ մտածել են ինչ-որ տուն ստեղծեն, իրենք ապագան կապեն Հայաստանի հետ։ Իսկ եթե մարդը հայրենիքը կորցնելուց հետո այս հույսն էլ է կորցնում, արտագաղթի թվերը կաճեն։ Կառավարությունը ոչ թե իմիջիայլոց է մոտենում արցախցիների խնդիրներին, այլ նաեւ սրում է իրավիճակը, հայաստանցի-ղարաբաղցի տարանջատում է դնում։ Իսկ դա արդեն բերելու է նրան, որ միանշանակ արձանագրվելու է արտագաղթի տեմպերի աճ։ Եվ այս ամառային ամիսներին արտագաղթի բավական մեծ տեմպ է լինելու, երեխաները դպրոցներն ավարտում են, մարդիկ ասում են՝ կամ արտերկրում ենք զրոյից սկսում, կամ այստեղ, ի՞նչ տարբերություն, եթե այստեղ որեւէ աջակցություն չկա, մեր հույսը մենք ենք, ավելի հեշտ է գնանք արտերկրում փորձենք»,- հավելեց նա։
Կարեն Հովսեփյանի խոսքով՝ արցախցիների բնակապահովման խնդիրը կարելի էր լուծել՝ կոմպակտ բնակեցման համար թաղամասեր կառուցելով։ Մյուս տարբերակն այն է, որ մարդկանց հող հատկացնեն, որպեսզի մարդիկ իրենց համար տուն կառուցեն։ «Հիմա տուն կառուցելու դեպքում էլ ասում են, որ շինարարը պետք է կառուցի այդ տունը՝ համապատասխան չափորոշիչներով։ Եթե այդ գումարից հարկերն ու շահույթը հանենք, մնացած գումարով մարդն ի՞նչ տուն պետք է կառուցի։ Եթե մարդիկ հոգատարություն զգան, եթե անգամ 3 մլն դրամի փոխարեն 2,5 մլն դրամ տան ու հող, թողնեն, որ մարդիկ իրենք իրենց տները սարքեն, դա այլ հարց է։ Այսինքն՝ սրտացավություն չկա, այս ծրագիրը ստեղծված է, որպեսզի թղթի վրա ունենան ինչ-որ բան՝ ինչ-որ մի տեղ ցույց տալու համար»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: