Եվրոպական խորհուրդն ընտրել է Եվրամիության նոր ղեկավարներին

  • 08:30 28.06.2024

DW

Եվրամիության երկրների առաջնորդները հինգշաբթի՝ հունիսի 27-ի երեկոյան Բրյուսելում կայացած գագաթնաժողովում քվեարկել են դաշինքի հիմնական ինստիտուտների նոր ղեկավարների օգտին: Քվեարկության արդյունքում Եվրահանձնաժողովի նախագահը կմնա Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհուրդը կգլխավորի Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոշտան, իսկ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը կգլխավորի Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։

Նրանց թեկնածությունները հաստատելու համար անհրաժեշտ էր, այսպես կոչված, ուժեղացված որակյալ մեծամասնության աջակցությունը։ Այն ձեռք է բերվում միաժամանակ երկու պայմանի կատարմամբ՝ 27 անդամ երկրներից առնվազն 20-ը (72%), որոնք ներկայացնում են Եվրամիության բնակչության առնվազն 65%-ը, պետք է կողմ քվեարկեն առաջարկին։

Ինտրիգը շարունակվեց մինչև գագաթնաժողովի առաջին օրվա ավարտը, քանի որ առաջնորդների ընտրության զգայուն թեման մղվեց օրակարգի ամենավերջին մաս՝ Ուկրաինայի պատերազմի, ԵՄ պաշտպանության և անվտանգության թեմայի և Միջին Արեւելքի հակամարտությունների քննարկումներից հետո։