Step1.am-ի զրուցակիցն է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
-Տիկի՛ն Մելոյան, իշխանությունները խոսում են նոր Սահմանադրության նախագիծ մշակելու մասին, իսկ Բաքվից հնչում են պահանջներ՝ հանել Հայաստանի Սահմանադրությունից հղումը Անկախության հռչակագրին։ Մասնավորապես, Ցեղասպանության հարցին հետամուտ լինելու եւ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշման դրույթներն են փորձում հանել Սահմանադրությունից։ Ի՞նչ տեղի կունենա Հայաստանի հետ, եթե դա իրականանա։
-Նախ նորություն չէ, որ գործող քաղաքական ուժն իր օրակարգում ունեցել է սահմանադրական փոփոխությունների հարցը։ Դրա մասին փաստում են իրենց իշխանության գալուց հետո երկու անգամ ձեւավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովները, որոնցից առաջինը կազմալուծվեց հետպատերազմյան շրջանում։ Երկրորդ բարեփոխումների հանձնաժողովը, ըստ նորմատիվ իրական ակտերի մասին օրենքի պահանջների եւ իրենց կանոնակարգի, պարտավոր էր մեր հանրությանը ներկայացնել ժամկետային տեսանկյունից առնվազն սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ինչը եւս չի արվել։ Դրանից բացի, փետրվար ամսին գործադիր իշխանության ղեկավարը հանրությանը ներկայացրեց նոր տեսլական, այն է՝ սահմանադրական փոփոխությունները փոխարինեցին նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգով։
Ի՞նչ տարբերություն կա սահմանադրական փոփոխությունների եւ նոր Սահմանադրության միջեւ։ Եթե առաջինի դեպքում իրենք կարող էին ողջ տեքստը նոր խմբագրությամբ տալ եւ անհրաժեշտ փոփոխություններ կատարել, բայց կաշկանդված էին միայն Սահմանադրության նախաբանը եւ անփոփոխելի չորս հոդվածները փոփոխելու հնարավորությամբ, հիմա, եթե օրակարգը փոխվում է, սահմանադրական փոփոխությունից անցում են կատարում դեպի նոր Սահմանադրության ընդունում, ուրեմն նպատակ կա այս անփոփոխելի դրույթներում փոփոխություն կատարելու։ Դրանից զատ, զուգահեռ տեսնում ենք մեր թշնամի պետության նախագահի պահանջը՝ Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին։ Որո՞նք են իրենց համար ոչ ընդունելի սահմանադրական կարգավորումները։ Ինչպես իրավացիորեն նշեցիք, Սահմանադրության նախաբանը հղում է կատարում մեր պետության հիմնադիր նախահայրերի պատգամներին եւ ուղղակիորեն մեր պետության իրավական հիմք հանդիսացող Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագիրն էլ իր հերթին ոչ միայն մեր պետության, այլեւ հայ ազգի ու հայոց պատմության հիմնաքարային հենասյուներն է պահպանում։ Դրանք են Ցեղասպանության ճանաչման պահանջը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված կարգավորումները, ընդհուպ ինքնորոշման իրավունք, եւ հայոց պետականության ակունքներում գտնվող մնացած հարցերի լուծում։
Մեր թշնամի պետությունների պահանջն է նաեւ մեր խորհրդանիշներից, մասնավորապես, զինանշանից Արարատ լեռան հեռացումը, բայց դա տեխնիկական պահանջ է եւ շատ մանր է թվում այս գլոբալ պահանջների դիմաց։ Եթե մենք հրաժարվում ենք Անկախության հռչակագրից, առաջին քայլով Սահմանադրությունից հղումը վերացնելով, այնուհետեւ արդեն զոհասեղանին դնելով Անկախության հռչակագրի իրավական լինելու հարցը, մենք ուղղակիորեն խփում ենք մեր պետության՝ երրորդ Հանրապետության իրավական հիմքերին եւ ական ենք նետում դեպի երրորդ Հանրապետության իրավական հիմքեր, որովհետեւ հենց Անկախության հռչակագիրն է այն իրավական փաստաթուղթը, որը Հայաստանի երրորդ Հանրապետության ծագման ու կայացման հիմք է հանդիսացել։
Այսինքն՝ եթե մեր Սահմանադրությունը 1995 թվականին ընդունվել է արդեն իսկ կայացած ինստիտուցիոնալ մարմինների եւ համակարգերի հիման վրա, այդ ինստիտուցիոնալ համակարգերն ու պետությունը ծագել են 1993 թվականի օգոստոսին ընդունված Անկախության հռչակագրի հիման վրա։ Եվ հրաժարումն այդ փաստաթղթից, Սահմանադրությունից այն հեռացնելը մեր թշնամի պետություններին հիմք է տալիս մոտ ապագայում օրակարգ բերել եւ հարցականի տակ դնել Հայաստանի երրորդ Հանրապետությունը՝ որպես իրավական պետություն հանդիսանալու հանգամանքը։
-Ինչպե՞ս պետք է դիմակայել այս ծրագրերին։
-Պետք է չվհատվել ու չհանձնվել, հիմնական ներուժն այն է, որ դռնեդուռ սկզբունքով մարզերից սկսած մարդկանց պետք է բացատրել։ Իշխանությունները սկսել են շատ վտանգավոր զուգահեռ տանել, դա Եվրամիության անդամակցության հանրաքվեն է։ Շատ հավանական է, որ այստեղ եւս թակարդ կա, եւ նպատակը մարդկանց շփոթեցնելն է։ Նախ ընդգծեմ, որ ԵՄ-ին անդամակցությունը միակողմանի գործընթաց չէ։ Առաջին հերթին ԵՄ-ն պետք է պատրաստ լինի մեզ որպես իր անդամ պետություն ընդունելու, իսկ այդպիսի նախահիմքեր ընդհանրապես չկան։ Նման ուղերձ մենք Եվրոպայից չենք ստացել, որպեսզի կարողանայինք ենթադրություն անել, որ հնարավոր է այդպիսի զարգացում։ Ավելին, ունենք վառ օրինակներ՝ Վրաստանի ու Ուկրաինայի օրինակը։ Եվ, այո՛, մեր Սահմանադրությունը եւ հանրաքվեների մասին օրենքը տալիս են հանրաքվեների ենթակա հարցերի շրջանակը եւ հարցերը, որոնք ենթակա չեն հանրաքվեի։ Եթե լիներ Եվրոպական միության անդամակցության հարց, դա վերպետական մարմինին միանալու գործընթաց է, որը լուծվում է հանրաքվեով։ Սակայն, եթե, օրինակ, վիզաների ազատականացման մասին է խոսքը, դրանք միջազգային պայմանագրով կարգավորման առարկա են։ Եվ այդ հարցը հանրաքվեով լուծման ենթակա չէ։
Ուստի, մեր խնդիրն այն է, որ հնարավորինս պատշաճ կերպով, բոլոր հասանելի խողովակներով բացատրենք մեր հանրությանը բոլոր վտանգները, որոնց իրենք առերեսվելու են նախատեսվելիք հանրաքվեին հավանություն տալու դեպքում։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: