ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Քրիս Սմիթը երկկուսակցական բանաձև են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու համար:
«Նախորդ տարի Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը հանգեցրեց հայ համայնքի ոչնչացմանը, որը դարեր շարունակ այդ տարածաշրջանն իր տունն էր համարում: Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են էթնիկ զտման բոլոր սահմանումներին և պետք է դատապարտվեն որպես այդպիսին»- նշել է Էշուն:
«Մեր երկկուսակցական օրինագիծը Բայդենի վարչակազմին կոչ է անում վճռականորեն աջակցել հայերի իրավունքներին Ադրբեջանի կառավարության շարունակական հանցագործությունների դեմ՝ նրա անողոք բռնապետ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ»,- նշել է Սմիթը։
Պետդեպի ներկայացուցիչներն ասում են, որ դեռ պարզ չէ՝ էթնիկ զտո՞ւմ էր Արցախում, թե՞ “կամավոր արտագաղթ”։ Սակայն այս պարագայում առավել հետաքրքիր է Հայաստանի դիրքորոշումը։
Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիևի վարչակազմը պահանջում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից: Այս մասին հայտարարություն է տարածել «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։
«Խոսքը վերաբերում է և՛ Արցախի հայության դեմ Ադրբեջանի իրականացրած խտրականությանը, և՛ էթնիկ զտումների քաղաքականությանը, թե՛ Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ ՀՀ բողոքներին, թե՛ ՀՀ օկուպացված տարածքներն ազատելու մեր պահանջներին:
Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը տրամադրված է բավարարել Ալիևի նաև այս պահանջները, ինչն առաջացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի զայրույթը: Վերջինս պնդում է, որ ետ չի կանչի իր իսկ կողմից պատրաստված հայցերը և պատրաստվում է, այդպես էլ արձակուրդից չվերադառնալով, հրաժարական տալ», – նշված է հայտարարության մեջ։ Եւ թեկուզ Եղւշե Կիրակոսյանի գրասենյակը հայտնել է, որ դա չի համապատասխանում իրականությանը, եւ գործերը շարունակվում են, սահայն ոչ ոք չի հերքել նման հնարավորությունը։
«Ժողովուրդ» թերթը դիմեց ՀՀ ԱԳՆ՝ պաշտոնական մեկնաբանություն ստանալու՝ արդյոք խաղաղության պայմանագրում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու պահանջ կա՞, եթե այո, ապա Հայաստանը պատրաստվու՞մ է կատարել դա։
ՀՀ ԱԳՆ-ից, սակայն, հղում արեցին ավելի վաղ՝ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանի արված հայտարարությանը, որում ասվում էր․ «Նման որոշում այս պահին չկա, որևէ գործընթաց այս առումով չի իրականացվում»:
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Հայաստանը կարող է հետ վերցնել պահանջները, եթե նույնը անի Ադրբեջանը։
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ այդ պահանջներն Ադրբեջանը ներկայացրել է դեռ անցած տարեվերջին: Անգամ նեղ քննարկում է եղել, որին մասնակցել են խաղաղության պայմանագրի մշակմանը մասնակցող պաշտոնյաները, այդ թվում՝ Եղիշե Կիրակոսյանը, Էդմոն Մարուքյանը, ով այդ ժամանակ հատուկ հանձնարարություններով դեսպանն էր: Փաշինյանն այդ ժամանակ հպանցիկ ասել է, որ դեռ պաշտոնապես պահանջ չի ներկայացվել, բայց չի բացառվում։
Հենց այդ ժամանակ է Կիրակոսյանն ընդվզել` ասելով, որ հենց հիմա հրաժարական կտա։ Նրան հանգստացրել են, թե հնարավոր է Ալիեւը հրաժարվի իր պահանջից։ Սակայն օրերս ուղարկված 10-րդ փաթեթում արդեն գրավոր են պնդել պահանջը: ԱԳՆ մեր աղբյուրը վստահեցնում է, որ անգամ եթե ՀՀ-ն հետ կանչի իր հայցերը, Ադրբեջանը նոր պատրվակով կհրաժարվի ստորագրել փաստաթուղթը»:
Վերլուծաբանները դեռ 2020 թ․ պատերազմից հետո են նկատել, որ ՀՀ հայցերը միջազգային ատյաններ կազմվում են այնպես, որ հանկարծ քաղաքական մեղադրանք չհնչի Բաքվի եւ Մոսկվայի հասցեներին։ Շեշտը դրվում է ոչ թե հակամարտության ուժային լուծման անթույլատրելիության, ոչ թե օկուպացիայի եւ բռնի տեղահանման, առ հումանիտար խնդիրների վրա։ Էթնիկ զտումը վերաբերվում է մարդկանց, իսկ տարածքի եւ սեփականության բռնազավթումը այլ դատական հայցեր է պահանջում, որը Ալիեւին միջազգային ռազմական հանցագործության մեղադրանք կառաջացնի։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: