63-ամյա արցախցի Ստելլա Բաբախանյանն իր դժվար կյանքի մասին հուշերը վերականգնելու համար արտասահմանում բնակվող բարեկամներից հավաքում է իր հին լուսանկարները։ Իրեն 20 տարեկանում պատկերած նկարը ստացել է Ուկրաինայի բարեկամից, մեկ այլ լուսանկար իրեն է հասել Եվրոպական մայրաքաղաքներից մեկից։
Ստելլա Բաբախանյանը ծնվել-մեծացել է Բաքվում, հայերի ջարդերի ժամանակ, երբ սպանվել է ամուսինը՝ Հրանտ Բաբախանյանը, մեծ դժվարությամբ հասել է Հայաստան։ Այստեղ որոշ ժամանակ մնալուց հետո նա իր հոր եւ միակ որդու հետ տեղափոխվել է Արցախ՝ Շուշի։ Տարիներ անց, արդեն 2020-ին Տիկին Ստելլան տեղահանվել է իր տունը դարձած սիրելի քաղաքից, երկու տարի անց էլ բոլոր արցախցիների պես լքել է նաեւ Ստեփանակերտը։
«Ընդամենը վեց տարվա ամուսիններ էինք, երբ Հրանտը սպանվեց, ես էլ 27 տարեկան էի… ծանր է հիշել այդ ամենը։ Հիմա էլ պատահում է հարցնում են՝ դու Բաքվից էիր եկել, ինչու ես Արցախին այդքան կապված, ես ասում եմ՝ ես կյանքիս լավագույն երեսուն տարիներն Արցախում եմ անցկացրել, էլ ինչպե՞ս են արցախցի լինում»,- ասում է կինը։
Տիկին Ստելլան բժշկուհի է, նախ աշխատել է ՊԲ-ում՝ որպես ռազմական բժիշկ, որոշ ժամանակ անց սկսել է զբաղվել ատամնաբուժությամբ, տարիներ անց էլ որպես բուժաշխատող սկսել է աշխատել Շուշիի քրեակատարողական հիմնարկում։
«Գիտեմ, նման վայրերի հետ կապված միշտ բացասական կարծիքներ կան, բայց աշխատելուս ընթացքում միշտ փորձել եմ այնպես անել, որ դատապարտյալը իմ կողմից վատ բան չզգա, իմանա, որ եթե իմ կարիքը կա, ուրեմն ես կօգնեմ։ Եվ ինքնավնասման դեպքեր են եղել, եւ հիվանդություններ եմ բուժել…տարբեր բաներ են եղել։ Դժվար աշխատանք էր, բայց կարեւոր աշխատանք էր, հիմա շատ եմ հիշում»,- ասում է նա։
Հիշելով 2020-ը եւ իր հրաժեշտը Շուշիին, կինը պատմում է.«Շուշիից մեզ ավտոբուսներով նկուղներից էին հանել, տեղափոխել Ստեփանակերտ, մինչեւ հիմա հիշում եմ ու չեմ հասկանում, թե ինչու վերջին պահին չկարողացա փաստաթղթերս, լուսանկարներ ու էլի որոշ բաներ հետս վերցնեմ։ Ամբողջը նախապես հանել, դրել էի սեղանին, բայց հենց հեռանալու պահին կարծես մտքիցս թռավ ու միայն Շուշիից հեռանալուց հետո եմ հասկացել, որ այդ պահին ուղեղս անջատվել է ու ոչինչ չեմ վերցրել…շատ ծանր էր 2020-ը, այնքան լավ տղաներ կորցրինք, այնքան ընտանիքներ հայրեր ու ամուսիններ կորցրինք…բայց փորձում էինք ապրել»։
Ստելլա Բաբախանյանի խոսքով՝ Ստեփանակերտում ինքը շարունակել է աշխատել, սակայն արդեն սպասում էր իր թոշակի տարիքի լրանալուն. «Շուտով պետք է թոշակի անցնեի, հանգստանայի, բայց գիտեք, թե ինչ եղավ։ Վերջինը Ստեփանակերտում աշխատում էի Սանեպիդկայանում։ Ի դեպ, բոլոր տեղերից բացի մենք այցելում ու ստուգումներ էինք անում նաեւ ռուսական ռազմաբազայում։ Շատ հետաքրքիր աշխատանք էր։ Ստեփանակերտում ապրում էինք հյուրանոցում, որը տրամադրվել էր Շուշիից տեղահանվածներին։ Բլոկադա էր, դժվար էր, հոսանք չէր լինում, ես անձամբ էլ գիշերը գնում էի հացի հերթ էի կանգնում, բայց այդքան չէինք նեղվում, ինչպես հիմա ենք նեղվում»։
Տիկին Ստելլան ցույց է տալիս Արցախում հեռախոով իր արած վերջին նկարահանումները։ Առաջին տեսանյութում շրջափակման արդեն ծանր շրջանում կես հաց ստանալու համար հերթն է, երկրորդում՝ մոմի լույսի տակ հարեւանուհիների հետ ունեցած վերջին համեստ ընթրիքներից մեկը։
«Երբ դեռ Ստեփանակերտում էինք, հայրս դեռ ողջ էր, պատկերացրեք՝ ես նրան Քովիդից փրկեցի, 15 օր անդադար սրսկումներ եմ արել, բայց այստեղ մահացավ։ Քաղաքի ու մերձակայքի ռմբակոծման ժամանակ անգամ մեկ րոպեով չեմ թաքնվել, անընդհատ տեղից տեղ, նկուղից նկուղ էի գնում, նայում էի, թե ում ինչ է պետք, ով ինչի կարիք ունի, մերոնք ասում էին՝ կարծես դու էլ անօդաչու թռչող սարք լինես՝ մեկ այստեղ ես, մեկ այնտեղ ես։ Բայց հավատացեք՝ վախ չունեի։ Մի քիչ կար իհարկե, բայց չունեի զգացողություն, որ հեսա կարող է մահանամ։ Կարծես ամեն ինչ թողել էի Աստծո կամքին։ Եթե այդպես չլիներ, կա՛մ շաքար կստանայի, կա՛մ կաթված կունենայի, բայց միշտ մտածել եմ, որ կարող է մարդկանց օգտակար լինեմ, մարդկանց պետք գամ։ Այդ օրերին էլ այդքան զոհ եղավ, տղաները, որ Շուշիի մատույցներից 44-օրյային հազիվ էին փրկվել, զոհվեցին, շատ ծանոթներ, բարեկամներ զոհվեցին։ Հետո էլ բենզալցակայանի պայթյունը… մի բարեկամ ունեինք, պատկերացնո՞ւմ եք, երեսուն տարի զինվորական էր, այդքան պատերազմի միջով էր անցել, բայց եկել հասել էր բենզալցակայան ու այնտեղ մահացել…»,- ասում է Տիկին Ստելլան։
Ստելլա Բաբախանյանը ասում է՝ ներքին վստահություն ունի, որ մի օր վերադառնալու է Արցախ, սակայն մինչ այդ պետք է դիմանալ.«Այստեղ փորձում էի աշխատանք գտնել, մի մերսման սրահ էր, բայց այնպես արեցին, որ ես չհարմարվեմ եւ ինքս հրաժարվեմ աշխատանքից։ Վերջում ասացին՝ ավելի լավ է դու արի, տարածքի մաքրույթյունն արա… այնքան վիրավորական էր։ Ես այդքան պատերազմ տեսած բուժաշխատող եմ, բայց նման քաղքենի վերաբերմունքի եմ արժանանում…»։
Անի Գևորգյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: